ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը շնորհակալագիր է տվել «օրենքով գող» Արտյոմ Կանեւսկոյին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ю

Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոց: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին եւ ծնողներին՝ ընդգծելով կրթության կարեւորությունը մեր երկրի զարգացման եւ առաջընթացի գործում. «Ամեն ինչ սկսվում է կրթությունից: Միայն կրթված քաղաքացին է կարողանում կերտել հզոր պետություն եւ աշխատել՝ ի փառս հայրենիքի: Նոր ուսումնական տարին կրթօջախը սկսում է առավել բարեկարգված պայմաններում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են այդ աշխատանքներին՝ այդպիսով նպաստելով նաեւ մեր երկրի շենացմանը: Թող բոլոր աստվածահաճո գործերն ավարտվեն հաղթանակով: Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի ու դպրության օրվա եւ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, բարի երթ եւ ուսումնական հաջողություններ եմ մաղթում»:

Նշենք, որ ամառային արձակուրդի ընթացքում Երեւանի Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում ընթացել են վերանորոգման լայնածավալ աշխատանքներ՝ բարեկարգվել են մարզադահլիճը, ֆուտբոլի խաղադաշտը, հանդիսությունների դահլիճը, տարածքն ասֆալտապատվել է, վերանորոգվել է տանիքը։

Բացի դրանից՝ ուսումնական հաստատությունը համալրվել է նոր գույքով եւ տեխնիկայով: Շինարարական աշխատանքներում նշանակալի ներդրում է ունեցել բարերար Արտյոմ Հարությունովը, որին Կարեն Գիլոյանը ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի անունից շնորհակալագիր է հանձնել: Նշենք, որ Արտյոմ Հարությունովն առավել հայտնի է որպես «քրեական հեղինակություն»։

Դպրոցի տնօրեն Մարիետա Դավթյանի խոսքով՝ բարեկարգված միջավայրն ավելի է մեծացնում ուսհաստատության՝ որակյալ կրթություն տալու պատասխանատվությունը. «Մեծարենցյան կրթօջախը նոր շունչ է ստացել: Միեւնույն ժամանակ, մեծացել է մեր պատասխանատվությունը որակյալ կրթության ապահովման հարցում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ու աջակցությունն են ունեցել բարեկարգման աշխատանքներում: Թող նոր ուսումնական տարին անցնի խաղաղ երկնքի ներքո, նշանավորվի հաջողություններով եւ բազում հաղթանակներով»:

Օրվա միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է նաեւ Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ ողջույնի եւ շնորհավորանքի խոսք հղելով առաջին կուրսեցիներին:

«Սիրելի՛ ուսանողներ, կրթվելու համար ժամանակ չխնայեք: Մի՛ կորցրեք պահը, ստեղծեք ամուր հիմք բարեկեցիկ կյանքի համար, քանի որ ամեն ինչ կրթության ածանցյալ է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը եւ վստահություն հայտնել, որ բուհում ստացած գիտելիքների շնորհիվ ուսանողները կդառնան բարձրակարգ մասնագետներ՝ իրենց ներդրումն ունենալով Հայաստանի զարգացման գործում:

--00--ԱՀ