Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ձախողեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

քաղաքական

Իշխանությունները փորձում են վերակենդանացնել սահմանադրական բարեփոխումների օրակարգը՝ այն անգամ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի ակտիվ դերակատարմամբ։

Դեռեւս 2019 թվականի դեկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու մասին որոշումը, որով ամրագրվեց, որ հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամներից։ Հանձնաժողովի կազմը հաստատվեց 2020 թվականի փետրվարին, սակայն այն տապալվեց։

2020 թվականի նոյեմբերի 9-ից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հանձնաժողովի մի շարք անդամներ, նրանց թվում հեղինակավոր գիտնականներ ուղղակի հրաժարվեցին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ հանձնաժողովում քննարկվող հարցերը չեն համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին:

Այս ամիսների ընթացքում հանձնաժողովը որեւէ նիստ չի գումարել, փաստացի չի գործում, ու Կարեն Անդրեասյանը որոշել է սեպարատ քննարկումներ սկսել ընդհանրապես նոր Սահմանադրություն մշակելու հարցի շուրջ։ Նախարարն այս օրերին հրավերներ ուղարկում տարբեր գործիչների, քաղհասարակության ներկայացուցիչների՝ առաջարկելով սեպտեմբերի 8-ին մասնակցել իր նախաձեռնած քննարկմանը՝ նոր Սահմանադրության կամ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ։

Նկատենք, որ մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին Փաշինյանին որոշումն առոչինչ դեռ չի ճանաչվել, այն կա, որն ուղղակի շրջանցվում է։

«Փաստինֆո»-ն թեմայի վերաբերյալ զրուցել է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի հետ, որը հաստատել է, որ հանձնաժողովը փաստացի լուծարված չէ, բայց նաեւ չի գործում։

«Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը այս պահին չի գործում։ Այն տեխնիկապես լուծարված չէ, բայց պատերազմից հետո հանձնաժողովի աշխատանքները կասեցվել են»,- ասել է Եղիշե Կիրակոսյանն ու նշել, թե ամփոփվել է հանձնաժողովի կատարած աշխատանքը և ներկայացվել վարչապետին։ Արդարադատության նախարարությունում քայլեր են ձեռնարկում հանձնաժողովում նոր մոտեցումներ սկսելու ուղղությամբ:

Փաստացի իշխանությունները որոշել են այս անգամ արդեն Կարեն Անդրեասյանին վստահել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հերթական փորձը, որն էլ փորձում է առաջ տանել նոր Սահմանադրություն մշակելու իր մոտեցումները։ Կարծես երկրում ամեն ինչ կարգին է եւ զարգանալուն ու անվտանգության ապահովմանը, թշնամուն երկրի տարածքից դուրս շպրտելուն խանգարում է միայն գործող Սահմանադրությունը։

--0--ԿԿ