Անհետ կորած 19-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Ջրվեժի գերեզմանատանը. նա երկտող է թողել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության տարածքային բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 2-ին Ջրվեժ գյուղի վերջնամասում գտնվող գերեզմանատանը 19-ամյա Սալիմ Դ.-ի դիակի հայտնաբերման փաստով, գրում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ այս տարվա օգոստոսի 28-ին Սալիմ Դ.-ի հարազատները դիմել էին ոստիկանություն և հայտնել, որ նա դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության տարածքային բաժնում սկսել էին որոնողական աշխատանքներ:  

Սեպտեմբերի 2-ին նշված գերեզմանոցի ցանկապատերի միջնամասում հայտնաբերվում է Սալիմ Դ.-ի դին՝ խիստ նեխած, քայքայված, կրծքավանդակի, պարանոցի և գլխի շրջանի հյուսվածքները մերկացած վիճակում:  

Ոստիկանները դեպքի վայրի զննության ժամանակ դիակի հարակից տարածքում հայտնաբերել են մի քանի անուն հոգեմետ դեղերի փաթեթներ, որոնց մեջ եղած դեղահաբերի մեծամասնությունը բացակայել է:  

Հայտնաբերվել է նաև տետրի թերթի վրա ռուսերենով երկտող. «Ինձ հարազատ մարդիկ, իմ մահը իմ գիտակցված ընտրությունն է, իմ ընտրության վրա ոչինչ և ոչ ոք չի ազդել, ինձ այլևս որևէ տեղ և երբևէ չի լինի»:  

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: 

--00—ԼՄ