Մի´ վախեցեք Նիկոլից, իշխանության ապօրինություններին լուռ հետևելը համազոր է հանցակցության

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

հասարակական

«Իշխանության այս ապօրինությունները բերել են բժիշկ Չարչյանի առողջության կտրուկ վատթարացման: Սա ավելի շատ Լինչի դատաստան է հիշեցնում, քանի որ սրտի կաթվածով բուժում ստացող բժշկին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Եվ սա տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ անհանգստացնող է, կալանքի հետ անհամատեղելի», - այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը։

Նա շեշտել է, որ իշխանության ապօրինություններին լուռ հետևելը, լուռ դիտելը, թե ինչպես է իշխանությունը ցուցադրաբար պատժում հազարավոր կյանքեր փրկած հռչակավոր բժշկին, համազոր է հանցակցության։

«Անհրաժեշտ է.

- Ստեղծել Արմեն Չարչյանի պաշտպանության կոմիտե։ Այն կարող է գլխավորել և կոմիտեին կարող են մասնակցել հեղինակավոր իրավապաշտպաններ, բժիշկներ, հանրային դեմքեր: Վստահ եմ, որ կցանկանան մասնակցել նաև նրա նախկին հիվանդները: Բայց պաշտպանության կոմիտեն պետք է ստեղծվի։

- Վերանայել և կոշտացնել «Հայաստան» դաշինքի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի հանդեպ. մեր գործընկերները` Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը բանտում են, և մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի կատարվում:

- Դիմել Հայաստանում հավատարմագրված միջազգային և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներին, նախաձեռնել հրատապ հանդիպումների շարք։

- Դիմում եմ քաղաքացիական հասարակության կառույցներին. մի´ լռեք, մի´ վախեցեք Նիկոլից։

- Դիմում եմ մտավորականներին, հանրային գործիչներին՝ մի´ լռեք, մի´ եղեք անտարբեր։

- Դիմում եմ բժշկական համայնքին՝ ավելի տեսանելի կանգնել Ձեր գործընկեր պրոֆեսորի կողքին, նա ունի Ձեր կարիքը։ Ձեր պասիվությունը, Ձեր լռությունը իշխանությունների կողմից թարգմանվում է որպես անտարբերություն, ինչն իրականում այդպես չէ։

- Կազմակերպել մեդիաարշավ՝ հաջակցություն Չարչյանի և մեր մնացած ընկերների:

Պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի մեծ թվով մարդիկ արտահայտեն իրենց դիրքորոշումը:

Մենք ունենք բարոյական խնդիր՝աջակցելու Արմեն Չարչյանին, բայց սա նաև կարևոր է՝ իշխանության հետագա քաղաքական ճնշումների պլանները, հետագա «բեսպրեդելը» կանխելու համար», - հայտարարել է Էլինար Վարդանյանը:

--0--ԿԿ