Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում, որը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ տարվա մեջ միայն մեկ անգամ է պատարագ մատուցվում, այս տարի ևս իր դռները բացել է հավատացյալների առաջ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Սեպտեմբերի 5-ի վաղ առավոտից կրոնավորներն ու հյուրերը ուղևորվել են Աղթամար կղզի։  Վանի ոստիկանությունը շրջակայքում և կղզում անվտանգային միջոցներ է ձեռնարկել։

Նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով պատարագը եղել էր ոչ մարդաշատ։ Այս տարի պատարագի արարողությունը հանդիսապետել է Կ․ Պոլսի Հայոց պատրիարքության գլխավոր քարտուղար և Կրոնական ժողովի ատենապետ, Ծայրագույն Վարդապետ Թաթուլ Անուշյանը։

Նշենք, որ 95 տարվա դադարից հետո 2010-ից ի վեր ամեն տարի սեպտեմբերին՝ Խաչվերաց տաղավար տոնին հաջորդող կամ նախորդող կիրակի օրը, Վանի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում։

Թուրք-քրդական զինված բախումների պատճառով Թուրքիայի իշխանությունները միայն 2015-2017թթ․ չէին արտոնել պատարագների անցկացումը։ Եռամյա ընդմիջումից հետո վերսկսվել է պատարագի մատուցումը Սուրբ Խաչում 2018-ից։

--00--ԱԹ

Տեսանյութեր