Էկոնոմիկայի նախարարությունը խաղողագործներից խնդրել է չփակել ճանապարհը մինչև առավոտ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

նկար

Այսօր առավոտյան Արտաշատ քաղաքում՝ Արարատի մարզպետարանում, տեղի է ունեցել հանդիպում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների և այն խաղողագործների միջև, որոնք նախօրեին փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը, գրում է «168.am»-ը։

Մոտ 2 ժամ տևած քննարկումների ընթացքում Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները խնդրել են խաղողագործներին որևէ քայլ չկատարել, ճանապարհ չփակել մինչև վաղը՝ ժամը 10:00-ն, պայմանով, որ վաղն այդ ժամին խաղողագործները կստանան իրենց հուզող հարցերի լուծումները։ Նախարարության աշխատակիցներն իրենց հերթին խոստացել են ներկայացնել, թե ինչ գնով և որ գործարաններն են մթերելու խաղողը, և ինչպես է իրականացվելու գործընթացը:

Երեկ արդեն տեղեկացրել էինք, որ առավոտից Արարատի մարզի մի քանի գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ ի նշան բողոքի: Խնդիրը խաղողի մթերման հետ կապված չլուծվող հարցն էր: Մի քանի ժամ ոստիկանության ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բացել ճանապարհը՝ պայմանով, որ այսօր հարցին լուծում կտրվի:

--00—ԼՄ