ԱԶԲ-ն կֆինանսավորի էլեկտրաէներգիայի հասանելիության ընդլայնումը Հայաստանի մարզերում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13,  24News

հոսանք

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը արդիականացնելու վերաբերյալ՝ հատկապես մարզերում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարում ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ԱԶԲ-ի պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր ֆինանսավորումից 20 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի ԱԶԲ-ն, իսկ մնացած 15 մլն դոլարը՝ Ասիայի մասնավոր ենթակառուցվածքների առաջատար հիմնադրամը (LEAP), որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից:

«Էներգաարդյունավետությունը և անվտանգությունը կախված են ենթակառուցվածքային կայուն ներդրումներից: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այդ նպատակին հասնելու գործում՝ տրամադրելով երկարաժամկետ ֆինանսավորում մասնավոր սեկտորի համար, որը հեշտությամբ հասանելի չէ երկրում», - ասել է ԱԶԲ մասնավոր սեկտորի գործարքների վարչության՝ Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Ասիայի գծով ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին՝ հավելելով, որ նախագիծը կֆինանսավորի ՀԷՑ-ի երկարաժամկետ ներդրումների ծրագրի երկրորդ փուլը, որը միտված է էլ ավելի ընդլայնելու էլեկտրաէներգիայի հասանելիությունը Հայաստանի շրջաններում:

ԱԶԲ-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի ներդրումների ծրագրերը գործարկվել է 2016 թվականին: Առաջին փուլը, որի շրջանակներում ԱԶԲ -ն 80 մլն դոլարի վարկ է տրամադրել, կենտրոնացած է եղել մայրաքաղաք Երևանի վրա և ամբողջացվել է 2020 թվականին: Իսկ երկրորդ փուլը միտված է վերակառուցելու բաշխիչ ցանցերը, արդիականացնելու ենթակայանների հնացած սարքավորումները, վերանորոգելու մալուխային գծերն ու ՀԷՑ-ի ենթակառուցվածքները և էլեկտրաէներգիայի միացումներ տեղադրելու նոր հաճախորդների համար:

--00—ՄՀ