Ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել բաժիններ։

Հատկապես արդյունավետ էր Արտաշատի ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ օրերս բաժնում արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման երկու դեպք։

Մասիսի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ։

Մի տղամարդ էլ անցած տարի Արցախից բերած «Կալաշնիկովի» գնդացիրն է կամավոր հանձնել Գուգարքի բաժին՝ շնորհիվ բաժնի և Լոռու մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի։

Արդյունավետ էր նաև ոստիկանության Աշտարակի և Ստեփանավանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում ևս արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

«Մակարով» ատրճանակն էլ ոստիկանության Կումայրիի բաժին կամավոր հանձնել է Գյումրիում բնակվող մի տղամարդ։

Ոստիկանության Մարտունու և Նաիրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հիշյալ ստորաբաժանումներում արձանագրվել են տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Զինամթերքը Նաիրիի բաժին բերած տղամարդը կամավոր հանձնել է նաև հրացան։

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։  

--00--ԿԿ