ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
13-ամյա Մարտիկն իսկական մարտիկ է՝ ուժեղ, համառ և խելացի։ Արդեն մեկ տարի «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում ֆիզիոթերապիա է անցնում, պատրաստվում է վիրահատության։ Որոշել է, որ պետք է քայլի, իսկ Մարտիկի խոսքը վերջնական է:
Եղեգնաձորում տարատեսակ թերապիաներ են անցնում խնամքի կարիք ունեցող երեխաները։ Այժմ կենտրոնն ունի 134 շահառու՝ Վայոց ձորի մարզի 20 գյուղից։
«Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնը «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամից դրամաշնորհ է ստացել։ Հիմնադրամի աջակցությամբ կենտրոնը համալրվել է թերապևտիկ աշխատանքների համար տեղական տարբեր արտադրության պարագաներով՝ սենսորային լույսեր, կանգնակներ, ավազաթերապիայի համար սեղաններ, զարգացնող խաղեր։
«Մինչև օրս Եղեգնաձորում ծառայություն չի եղել, իսկ հիմա՝ հանձինս հիմնադրամի, կարողանում ենք ծավալային աջակցություն մատուցել։ Կենտրոնը սպասարկում է առանձնահատուկ երեխաների, որոնք ունեն հենաշարժողական և մտավոր խնդիրներ»,- նշել է «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի հիմնադիր Էկա Հորստկան։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը:
Մանրամասն՝ տեսանյութում: