Քոչարյանը քաղբանտարկյալ է․ Արամ Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նա չի բացառել, որ ՄԻԵԴ  ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքում ներառել միջազգային մի շարք կառույցների կողմից քաղբանտարկյալ եզրույթի վերաբերյալ տրված սահմանումները, որը, ըստ Օրբելյանի, ակնհայտորեն վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանին։ Հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում։

«Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները և դրանց դեմ բողոքներ ենք ներկայացնում: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը կարևոր է, բայց հաշվի է առնվելու նաև ընթացքը: Անհրաժեշտ են նաև դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները», - ասել է Օրբելյանը և հավելել, որ պաշտպանական կողմը դիտարկում է Հայաստանում և  Հայաստանից դուրս գործունեություն ծավալող տարբեր իրավաբանների և իրավաբանական կառույցների դիրքորոշումները ՄԻԵԴ  ներկայացվելիք գանգատում ներառելու հարցը։

«Այս պահին քննարկումների մեջ ենք Ֆրանսիայի և Ռուսաստանի իրավական դոկտորների հետ, որոնց կողմից Քոչարյանին առնչվող հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել. դրանք եւս բողոքում կներառվեն»,- ասել է Օրբելյանը։