Գեղարքունիքում անհայտ մեքենայի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին և հեռացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Սեպտեմբերի 14-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմանում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտնի՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Մանյակ Գալստյանին, գրում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում որոշ հանգամանքներ էին պարզում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, ժամը 22։40-ի սահմանում մահացել է։

Դեպքի փաստով ՀԿԳ ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

--00—ԼՄ