Իրանը հետևում է իրանական մեքենաներից գումար գանձելու գործընթացին․ ԻԻՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

որոտան

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանում Իրանի դեսպանությունը տեղյակ է, հետևում է Սյունիքի Որոտոն համայնքի մոտ ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարները կանգնեցնելու եւ գումար գանձելու փաստին եւ ինչպես այն կարող են մեկնաբանել:

Աղբյուրին տված՝ Իրանի դեսպանության պատասխանը ներկայացնում ենք ստորև։

«Ինչպես բազմիցս հայտարարվել է, Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են: Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ:

Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, կիրակի՝ սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը:

Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»:

--00—ԼՄ