Ինչպե՞ս ընտրել Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութը, կամ՝ ընտրե՞լ, սպասե՞լ, թե՞ հրաժարվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կորոնավիրուս

Դիմակավոր մարդ․ Ինչպե՞ս ընտրել Քովիդ-19-ի դեմ պատվաստանյութը,
կամ՝ ընտրե՞լ, սպասե՞լ, թե՞ հրաժարվել…Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում  գրառում է  արել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Ոչ մասնագետի մոտ ծագող ներքոհիշյալ մի քանի պարզագույն հարցերն ուղղված են անհապաղ և առանց պայմանների պատվաստվելու ջատագովներին, ովքեր իրենց խոսքում շատ հաճախ անգիր արած կրկնում են բոլոր ժամանակների, ոլորտների, երևույթների համար անընդունելի, անտրամաբանական, լոզունգային և անհիմն «…ամբողջ աշխարհում այսպես է…» արտահայտությունը։
 
Մինչ այդ, արձանագրենք, որ ըստ տարբեր միջազգային և տեղական պաշտոնական աղբյուրների կողմից տարածված տեղեկատվության`
ա) պատվաստումը լիարժեք չի պաշտպանում վարակվելուց և վարակակիր լինելուց,
բ) պատվաստումը լիարժեք չի ապահովագրում հիվանդության ծանր ընթացքից և մահացու ելքից, այլ միայն նվազեցնում է դրանց հավանականությունը,
գ) պատվաստումը պարտադրվում է նաև տվյալ ախտի նկատմամբ բնական իմունիտետ ունեցող (ապաքինված, կամ՝ չվարակվող ) մարդկանց։
Այսուհանդերձ, բազմաթիվ հարցեր մնում են չպարզաբանված, կամ հասու չեն լայն զանգվածներին։
 
Հարցերը հետևյալն են.
1. Հիվանդացած և ապաքինված մարդկանց (բնական իմունիտետ ունեցող) ո՞ր տոկոսն է կրկին վարակվել, հիվանդացել, այդ թվում՝ հիվանդությունը տարել է ծանր, կամ մահվան ելքով ։ Արդյո՞ք այդ տոկոսն ավելին է, քան պատվաստվածների վարակվելու, հիվանդանալու, ծանր տանելու, կամ մահացության տոկոսը։
2. Ո՞րն է բնական իմունիտետի ցուցանիշների (հիվանդանալուց և ապաքինվելուց հետո արձանագրված անհրաժեշտ հակամարմինների, կամ «T» համապատասխան իմունային հիշողության մարմինների) այն նվազագույն շեմը, որի առկայության պարագայում անհրաժեշտ չէ անհապաղ պատվաստումը։ Սրա հետ կապված. ա) ինչու՞ պետք է անհապաղ պատվաստվել, եթե դրանք բավական քանակությամբ առկա են, բ) եթե առկա է այդպիսի շեմ, ապա ինչու՞ են պատվաստում առանց դրանք ստուգելու և ճշգրտելու, գ) արդյո՞ք չի կարելի այդ մարդկանց նույնպես ներառել պատվաստման պահանջից բացառությունների թվում, եթե առկա է հաստատված բավարար բնական իմունիտետը։
3. Մասնագետները նշում են, որ բացի ներքին իմունային համակարգից մարդիկ ունեն նաև արտաքին իմունային համակարգ-շերտ։ Հաշվի առնելով նշվածը, կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն վարակվում, օրինակ՝ համավարակի ողջ ընթացքում հազարավոր հիվանդների հետ շփված, անմիջականորեն ակտիվ աշխատած, այդ թվում՝ բժշկական անձնակազմից, և արդյո՞ք նրանք ուսումնասիրվել են ակադեմիական նպատակով։
4. Ինչու՞ են օդանավում ուղևորներին ստիպում կրել դիմակ (անխտիր բոլորին՝ պատվաստված, բացասական թեսթավորված, նույնիսկ եվրոպական EUDCC սերտիֆիկատ ունեցող), սակայն սնվելիս և խմելիս դրանք հանվում են, և հարյուր միլիոնավոր մարդիկ քիթ-քթի նստած, աշխարհով մեկ փակ տարածքում ժամերով ճանապարհորդում են, եթե նշվում է, որ 10-15 րոպեն լիովին բավարար է, որպեսզի փակ տարածքում գտնվող մարդիկ իրարից վարակվեն։ 72 ժամվա ՊՇՌ թեսթի պահանջով չբացատրել, որովհետև անհայտ է, թե այդ ընթացքում` մինչ օդանավ նստելը մարդիկ ում հետ են շփվել…
5. Մասնագետներ կան, որոնք պնդում են, որ պատվաստված մարդկանց դեպքում ծանր և մահացու դեպքերը բազմապատիկ անգամ պակաս են: Միգուցե այդպես է, եթե իհարկե այդ տեղեկության աղբյուրը «worldometer» կոչվող, գրավիչ և գեղեցիկ, սակայն կասկածելի մանիպուլյատիվ տպավորություն թողնող կայքը չէ, բայց… Սրա հետ կապված կրկնենք նույն հարցը՝ ա)որքա՞ն է կազմում հիվանդանալուց և ապաքինվելուց հետո, այսինքն` բնական իմունիտետ ունեցողների թվում կրկին վարակվածների, այդ թվում՝ ծանր դեպքերի և մահացության տոկոսը; բ) արդյո՞ք վերջինս պակաս է, քան պատվաստված մարդկանց վարակվելու, հիվանդանալու, այդ թվում՝ ծանր ընթացքի և մահվան դեպքերի տոկոսը։
6. Ո՞ր պատվաստանյութով պատվաստված լինելու դեպքում են գրանցվել առաջին անգամ վարակվելու, երկրորդ անգամ վարակվելու, այդ թվում՝ ծանր դեպքերի և մահացության ամենացածր ցուցանիշները։
7. Ո՞ր պատվաստանյութի պայմանական «պաշտպանիչ» գործողության ժամկետն է ամենաերկարը։
8. Ո՞ր պատվաստանյութն է, որն ուղղակի, կամ անուղղակի չի ազդում մարդու գենոմի վրա։
9. Ինչու՞ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների համար պարտադիր չէ պատվաստվելը։
10. Եթե առկա են նշված հարցերի հստակ և որոշակի պատասխանները, ապա ինչու՞ պարտադրել, եթե կարելի է պարզապես տեղեկացնել ու համոզել։
11. Եթե առկա չեն այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխանները, կամ պարզապես հասու չեն լայն զանգվածներին` արդյո՞ք պատվաստումների պարտադրվող կարգը չի կարող գնահատվել, որպես զուտ փորձարկումների գործընթաց՝ դրանից բխող բոլոր առողջապահական ու իրավական ծանր հետևանքներով։
 
 Մյուս կողմից, ժամանակակից գիտության զարգացման այս խելահեղ արագացման պարագայում անհնար է պատկերացնել, որ ամբողջ աշխարհի լավագույն կենսաբանները, իմունաբանները, կենսաքիմիկոսները, կենսաֆիզիկոսները, ֆիզիոլոգները, մանրեաբանները, վարակաբանները, ախտաբանները, բժիշկները և տարբեր վարակների և հիվանդությունների ծագման, տարածման, կանխարգելման, բուժման հարցերով զբաղվող բոլոր ազգային ու միջազգային հաստատությունները, աշխարհի լավագույն գիտնականները արդեն 1,5 տարի է չեն կարողանում գտնել մարդկությանը պատած այս պատուհասի վերջը տալու միջոցներն ու ուղիները: Ավելին՝ փաստորեն նույնիսկ բուժման եղանակներն են անհստակ, անորոշ ու անհատական։

…Եվ վերջապես, նրանք, ովքեր զբաղվում են այս շտամների մշակմամբ ու արտադրությամբ՝ մի՞թե նրանք էլ են անհայտ և անզոր։ Դժվար է հավատալը։
Եթե ազնիվ են՝ թող տեղեկացնեն ու համոզեն, ոչ թե պարտադրեն»։

Տեսանյութեր