Հուսով եմ՝ գազի գնի հետ կապված որևէ անսպասելի բան տեղի չի ունենա․ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Գրիգրոյան

Երեկվա դրությամբ ռեկորդ եղավ՝ գազի գինը կազմեց 800 դոլար 1000 խորանարդ մետրի համար, ինչը բնականաբար որոշակի հարցեր է առաջացնում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք մենք ունենք որոշակիութուն՝ 2022-ի համար ՀՀ մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ:

Փոխվարչապետն ասաց, որ  «Գազպրոմ» խմբի հետ բանակցությունները պերմանենտ բնույթ են կրում․

«Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին և փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման, չնայած «Գազպրոմ» խմբի կողմից պնդում կա, որ 2013-ի համաձայնագրի շրջանակներում պայմանավորված եկամտաբերության չափը իրենց չի բավարարում: Աշխատանքային պրոցես է, բանակցություններ են, հուսով եմ՝ գազի գնի հետ կապված որևէ անսպասելի բան տեղի չի ունենա»։

Արմեն Գևորգյանն աձագանքեց՝ պե՞տք է հասկանալ, որ գազի գինը չի բարձրանա, թե՞ հարցն այնքան անորոշ է, որ չի բացառվում, որ գինը կբարձրանա:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ անսպասելի ասելով՝ նկատի ունի մոտակա ժամանակահատվածում որևէ անսպասելի բան տեղի չի ունենա:   Նա նաև հույս հայտնեց, որ այս տարի գազի գինը պահպանել հնարավոր լինի։

--00—ՄՀ