Լիտվայի փորձը հետաքրքիր կլինի Հայաստանի համար․ Սանոսյանը հանդիպել է դեսպանին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15,  24News

Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։

Ողջունելով դեսպանին՝ նախարարն ընդգծել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամենախոշոր նախարարություններից է, և դա տարբեր ոլորտներում համագործակցության լայն հնարավորություն է ստեղծում։

Նախարարի խոսքով՝ Լիտվան բավականին  հետաքրքիր զարգացման ուղի է անցել, բազմաթիվ ռեֆորմներ է իրականացրել և շատ ոլորտներում Լիտվայի փորձը հետաքրքիր կլինի Հայաստանի համար։

Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն ևս կարևորել է ՏԿԵ նախարարության հետ  առկա համագործակցությունը հատկապես տրանսպորտի ոլորտում, տրանսպորտային անվտանգության ոլորտում։ Լիտվայի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունը 2020թ. զարգացման համագործակցության ծրագրի շրջանակներում աջակցում է Հայաստանի Հանրապետությունում անվտանգ և ապահով տրանսպորտային համակարգ ստեղծելու գործընթացին:

Դեսպանը հույս  է հայտնել, որ առաջիկայում, երբ համաճարակով պայմանավորված իրավիճակը մեղմվի, հնարավոր կլինի կյանքի կոչել նաև «Վիզ Էյր» ավիաընկերության հետ ունեցած պայմանավորվածությունը՝ ուղիղ  չվերթեր կազմակերպել Վիլնյուս-Երևան-Վիլնյուս երթուղով, որը կարող  է նպաստել  տուրիզմի զարգացմանը։

Տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիեն կարևորել է նաև վերականգնվող էներգետիկայի,  ապագայում նաև ատոմային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը, փորձի փոխանակումը։ Քննարկվել է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացումից հետո միգրացիոն ոլորտում համագործակցությունը։

Նախարարը կարևորել է դեսպանի հետ այս հանդիպումը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին Վիլնյուսում սպասվող «Անվտանգ տրանսպորտային համակարգը Հայաստանում» խորագրով համագործակցային ծրագրին և «Տրանսպորտ և լոգիստիկա 2050» խորագրով Միջազգային տրանսպորտային ինովացիոն ֆորումի նախարարական նստաշրջանին ընդառաջ։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս