Վիճաբանությունը դարձել է ծեծկռտուք, հնչել են կրակոցներ․ կասկածյալները բերման են ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Հունվարի 13-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրել է անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության Արաբկիրի բաժնում հնչել է ահազանգ, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 18-ամյա Արամ Սարգսյանը, որը, հետո պարզվել է, մարմնական վնասվածքներ էր ստացել Վաղարշյան 1 հասցեի բակում՝ ծեծկռտուքի ժամանակ:

Ոստիկանությունում պարզվել է, որ բերման ենթարկված բոլոր տղամարդիկ նույն բակի բնակիչներ են, իսկ վիճաբանությունը ծագել է մեքենան կայանելու հարցի շուրջ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ժամանակ էլ Արթուր Սարգսյանը իր գազային ատրճանակով կրակոցներ է արձակել, Դավիթ Բրուտյանը՝ դանակով, Սպարտակ Սարգսյանը մուրճով, իսկ մյուս մասնակիցները ձեռքերով ու ոտքերով մարմնական վնասվածքներ են պատճառել միմյանց:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել ու վերցվել են 2 պարկուճ: Արթուր Սարգսյանը ներկայացրել է գազային ատրճանակը, Դավիթ Բրուտյանը՝ դանակը, իսկ Սպարտակ Սարգսյանը՝ մուրճը: Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով:

Քննությունը շարունակվում է: