Մարզպետի մտերիմը քաղաքապետի թեկնածու. ո՞ւմ են առաջադրելու Իջևանում. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

կոլաժ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սեփական թեկնածուն կունենա նաև վարչապետ Նիկոլի Փաշինյանի հարազատ Իջեւան քաղաքում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ իշխանությունը նոյեմբերի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրելու է Իջևանի համայնքապետի պաշտոնակատարին՝ Արթուր Ճաղարյանին:

Երեկ՝ ամբողջ օրը, փորձեցինք կապ հաստատել Ճաղարյանի հետ, փորձերը, սակայն, ապարդյուն անցան. համայնքապետի պաշտոնակատարն անարձագանք թողեց մեր բոլոր հեռախոսազանգերը: Հեռախոսազանգերին չպատասխանեց նաեւ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը, որը, ըստ մեր լուրերի, այս օրերին Իջեւանում նախընտրական հարցերով է զբաղված: Հենց նա է «կուրացիա» անում ընտրությունների հետ կապված հարցերն ու աջակցում Ճաղարյանին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արթուր Ճաղարյանը Ղալումյան եղբայրների հետ է բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ:

Թե՛ իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի, թե՛ նրա մարզպետ եղբայր Հայկ Ղալումյանի «դաբրոյով» է, որ Ճաղարյանը ներկայացվել է իշխանություններին ու արժանացել որպես թեկնածու առաջադրվելու հավանությանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

--00--ԱԹ