Ձախողված դեսպանը այսօր նշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ․ Արման Բաբաջանյան

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը չի հրաժարվում Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի վերաբերյալ արած հայտարարությունից։ Այդ մասին նա հայտարարել է Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Արման Բաբաջանյանը նաև նշել է, որ պատրաստ է նրա գործունեության վերաբերյալ փաստեր ներկայացնել դատարանում, եթե գործը հասնի դատարան։

ԼՀԿ խմբակցության պատգամավորը նաև նշել է, որ իր և ԲՀԿ պատգամավորների միջև որևէ լարվածություն չկա, քանի որ իր ելույթը զուտ քաղաքական էր։

«Եթե հիմա Անդրանիկ Մանուկյանի որդին էր այստեղ նստած, և Տողանյանի կամ Ռուբեն Սադոյանի որդին նստած չէր, ես դրանում ոչ մի մեղք չունեմ: Ես իմ ելույթը չեմ կարող կառուցել՝ նկատի առնելով, թե ում որդին է նստած Ազգային ժողովի դահլիճում, և իմ ելույթները չեմ կարող պայմանավորել և ծրագրել ինչ-որ մեկի որդու կամ խմբակցության խնամիական հարաբերությունների և մնացածի առումով», - ասել է Բաբաջանյանը և հորդորել ուշադրությունը սևեռել գործողների վրա։

Ինչ վերաբերում է իր կողմից ադրբեջանական թեզ տանելու մեղադրանքին, Արման Բաբաջանյանը նկատել է, որ դա հակադարձման շատ հին մեթոդ է, որը ծիծաղելի է։

«Փաստերը, որոնք առկա են, ամբողջությամբ չեմ ներկայացրել։ Պարզ հարցեր կարող եմ ուղղել, քանի որ Անդրանիկ Մանուկյանն ինքը քանիցս նշել է, որ ինքը դիվանագետ չէ, որ ինքը բիզնեսմեն է։ Թող Անդրանիկ Մանուկյանը կամ 3 տարի նրա օգնական եղած Արման Աբովյանը պատմեն, օրինակ՝ հնդկահավերի ֆերմայի մասին, որը Անդրանիկ Մանուկյանը մինչև հիմա ունի Ուկրաինայում։ Այդ ձեռնարկատիրական գործունեությունը սկսել է այն ժամանակ, երբ նա Ուկրաինայում ՀՀ դեսպանն էր»,- ասել է Բաբաջանյանը և հավելել, որ իր տեղեկությունը ադրբեջանական աղբյուրից չէ, անձնական տեղեկատվություն է։