Էդ համերգը չպետք ա լինի. զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

44-օրյա պատերազմում զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները Կառավարությունից պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթից կազմակերպվելիք համերգը: Վաղը՝ 17:00-ից սկսած, նրանք հավաքվելու են Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, իրենց պահանջը ներկայացնելու կառավարությանը:

Անհետ կորածի հորեղբայր Արսեն Ղուկասյանը նշեց՝ Կառավարությունից պահանջում են որևէ միջոցառում չանել մինչև պատերազմի 1 տարին լրանալը, իսկ սեպտեմբերի 27-ին Հիշատակի միջոցառում կազմակերպել՝ ի հիշատակ պատերազմում նահատակված հերոսների: 

«Ժողովուրդը որոշել ա, որ էդ համերգը պետք ա չլինի: Վաղվանից բոլորն իրենց հարազատների, եղբայրների նկարներով հավաքվում են Հանրապետության հրապարակում կառուցվող բեմի դիմաց, կառավարությունից պահանջում չեղարկել այդ համերգը, քանի որ այն հիմա տեղին չէ, որովհետև էդ համերգի ընթացքում մենք չգիտենք՝ ինչ կլինի: Կարող եք անել հոկտեմբերի 3-ին, 5-ին, մեր պահանջը՝ ինչ անում եք, տեղափոխեք երեխեքի տարուց հետո»,- ասաց նա:

--00--ԱԹ