Հրանտ Մարգարյանը չի առաջադրի թեկնածությունը որպես ՀՅԴ Բյուրոյի կազմի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ իր թեկնածությունը չի առաջադրի։

«Գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ»: Այս մասին, Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը:

«Այսօր ուզում եմ նաեւ անդրադառնալ, այսպես կոչված, ներկուսակցական ընդդիմությանը, որը ընդհանուր մթնոլորտից ազդված՝ ունեցավ պահեր ու պարագաներ, ուր մոռացվեցին մեր ավանդույթները, մեր կարգն ու բարոյական հասկացությունները՝ ակամա ջուր լցնելով այլոց ջրաղացին։

Նախ կատարեմ մի հաստատում՝ ներկուսակցական ընդդիմությունը նույնքան դաշնակցական է, ինչքան՝ բոլորս, ու դրանով թող մտահոգ լինեն հակադաշնակցական տարրերը եւ նվազ մտահոգ՝ անկեղծ շարքային-համակիրները։

Ապա՝ անցած երկար տարիներին ընդդեմի պայքարը հասկանալիորեն կենտրոնացված է եղել իմ անձի դեմ, սակայն մնացել է անպատասխան, որովհետեւ մենք մեզ թույլ չենք տվել հակականոնագրային, մեր բարոյական, ավանդական հասկացություններին հակառակ պատասխանել այդ արշավին, եւ արդյունքում ստեղծվել է մթնոլորտ, որից մենք չենք շահում։

Ինչպես ցանկացած շարքային-գիտակից դաշնակցական, ես էլ մշտապես իմ անձը ստորադասել եմ կուսակցությանը և այլ կերպ չէր էլ կարող լինել: Ուժեղ եմ եղել Դաշնակցությամբ, խորիմաստ եմ եղել Դաշնակցությամբ, ամուր եմ եղել Դաշնակցությամբ: Իմ ամբողջ գործունեությունը եղել է կուսակցությանը միաձուլված, իբրեւ կուսակցության զինանշանի մի մասնիկ՝ հանուն Հայաստանի զինանշանի:

Այսօր հայտնվել ենք մի հանգրվանում, ուր, ինչպես վերը նշեցի,  վերադիրքավորվելու անհրաժեշտություն կա: Այդ վերադիրքավորման համար անհրաժեշտ են նաեւ որոշակի փոփոխություններ: Եվ առաջին փոփոխությունը, որն առաջարկում եմ՝ ինձանից սկսելն է:

Ուստի գալիս եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, առանց դույզն իսկ չափով նեղվածության հայտարարելու՝ իմ թեկնածությունը չեմ դնելու Բյուրոյի կազմի ընտրությունների ժամանակ։ Նախապես հայցում եմ բոլոր ընկերների, որոնք վստահ եմ այս ժողովում եւ կազմակերպության մեջ ծանրակշիռ ներկայություն են, ներողամտությունը։

Իմ որոշումը ոչ նահանջ է, որովհետեւ չեմ հեռանում աշխատանքներից ու մեր ընդհանուր պայքարից, ոչ պարտություն է, որովհետեւ չեմ պարտվել, ոչ հոգնածություն է, որովհետեւ իրավունք չունենք հոգնելու, այլ պարզապես մարտավարական ճկունություն է ու վե՛րջ»։