2 ականջների վնասվածքով հոսպիտալացված տղամարդու սպանության մեղադրանքով մարդ է ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 40-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ձերբակալվել է մեկ անձ:

2019 թ. հունվարի 15-ին՝ ժամը 13:20-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 13:16-ին, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ՝ «որովայնի շրջանի հրազենային վիրավորում, ագոնալ վիճակ, ձախ ականջի ամպուտացիա և աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ: Տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ 2019թ. հունվարի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով 2019 թ. հունվարի 16-ին, առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել է:

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ. կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի և ավտոմեքենայի զննություններ, վերցվել են նմուշներ, կատարվել խուզարկություններ և առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Քրգործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: