Արագածոտնում տղամարդը խանդել և սպանել է 84-ամյա մորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

կին

Արագածոտնի մարզում տղամարդը խանդել է 84-ամյա մորը և սպանել նրան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2020թ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, երբ տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տեղեկացել է, որ իր 84-ամյա մայրը տարիներ առաջ հարաբերություններ է ունեցել օտար տղամարդու հետ, ու ծեծել նրան։

Մասնավորապես՝ ձեռքի բաց ափով և բռունցքներով հարվածներ է հասցրել անօգնական վիճակում գտնվող, անկողնում պառկած 84-ամյա մորը, ապա՝ փակել բերանը և սեղմել կոկորդը՝ խեղդամահ անելով նրան։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում որդուն մեղադրանք է առաջադրվել սպանության հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում տղամարդը կալանավորվել է, որն անփոփոխ է թողնվել գործը՝ դատարան ուղարկվելուց հետո։

Կայքի հաղորդմամբ՝ քրեական գործը գտնվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն մինչ դատաքննության ավարտը և գործով դատավճռի կայացումը, տղամարդը մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և քրեական գործը կարճվել է՝ ամբաստանյալի մահվան հիմքով։ Տղամարդու հուղարկավորությանը հարազատները չեն մասնակցել, եղել են միայն վերջինիս որդիները։

--00--ԱԹ