Հայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

կոլաժ

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առթիվ․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը միահամուռ կերպով և վճռականորեն «այո» ասաց անկախությանը՝ իր ձեռքը վերցնելով սեփական ճակատագրի կերտումը: Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչն ապահովեց գործընթացի սահունությունն ու խաղաղ անցումը: 1991թ. անկախության հաստատումը հաշվարկված պրոցեսի արդյունք էր, խոշոր նվաճում հարյուրամյակներ շարունակ անկախ պետականությունից զրկված մեր ժողովրդի համար:

Անկախության ձեռք բերմանը զուգահեռ Հայաստանը հիմնադրեց պետական ինստիտուտներ և զարգացրեց դրանք: Իշխանության ճյուղերի ձևավորման հետ միասին Հայաստանը ստեղծեց բանակ, որը դարձավ սեփական անվտանգության կարևոր երաշխիքը: Սատար կանգնելով արցախահայության արդար պահանջին և վերջինիս անվտանգության երաշխավորը դառնալով՝ Հայաստանին հաջողվեց փրկել Արցախը գոյաբանական սպառնալիքից:

Նախընթաց տասնամյակներում մեր պետությունն անցավ թե՛ ներքին, թե՛ արտաքին մեծ ցնցումների միջով: Բոլոր կորուստներով և ձեռքբերումներով հանդերձ՝ այսօր Հայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է, էությունը և հենց անկախությունն է պայմանավորելու մեր զարգացման հեռանկարը: Թեպետ անկախ Հայաստանն իր 30 ամյակը բոլորում է բարդ իրավիճակում, սակայն դժվարություններն անցողիկ են, իսկ հայկական անկախ պետականությունը՝ մնայուն: Յուրաքանչյուր պատմական փուլ ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները, որանք, սակայն, լուծելի են ու անցողիկ, մինչդեռ անկախ պետականությունն է, որ պիտի լինի հարատև:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ վստահությամբ, որ մեր ժողովրդի, Սփյուռքի և համայն հայության անսասան կամքով ու վճռականությամբ դիմագրավելու ենք ներկայիս մարտահրավերներին: Այսօր մենք պետք է փայփայենք մեր անկախ պետականությունը և ջանք չխնայենք այն ամրապնդելու, հզորացնելու և հաջորդ սերունդներին կայացած պետություն ժառանգելու հարցում»

--00—ՄՀ