Այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն. Նարեկ Հախնազարյան

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Հախնազարյան

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ես լուռ եմ եղել գրեթե մեկ տարի։ Լռել եմ նոյեմբերի 9-ից հետո, լռել եմ բոլոր հետագա իրադարձությունների ժամանակ։ Լռել եմ ընտրությունների ժամանակ, քանզի անիմաստ էր որևէ բան ասել` տեսնելով, թե ինչ ընտրության արջև է կանգնած մեր ժողովուրդը, և գիտակցելով որ «կա ապագա» և «լավ է լինելու» խոստումները վերաբերում են միայն կոնկրետ մարդկանց մի փոքր խմբի, ոչ թե մեր երկրին և ժողովրդին։

Ես լռել եմ գրեթե մեկ տարի, որովհետև չգիտեի ինչ ասել և թե ոնց կարող եմ իմ երկրին օգտակար լինել։ Իսկ եթե չգիտես ինչ ասել, ավելի լավ է լռել: Բայց այլևս լռելու իրավունք չունեմ, քանի որ ակնհայտ տեսնում եմ, որ մեր ազգը, երկիրը, մշակույթը և մարդկային արժեքները արագընթաց գնում են դեպի կործանում։

Այսօր մեր երկրի անկախության 30-ամյակն է։ Դա ինձ համար ամենասուրբ տոներից մեկն է։ Եվ այսօր Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն։ Այդ արարողությունը, որը ասում են՝ նվիրված է մեր հերոսների հիշատակին, իրականում այդ հիշատակը ոտնատակ է անում։ Մի՞թե մեր զոհված եղբայրները կուզենային տեսնել իրենց մտերիմների տառապանքը, որոնք անհույս և անուժ դիտելու են, թե ինչպես է իրենց ժողովրդի մի մասը անհոգ տոնում մեր երկրի անկախությունը` անտեսելով այն փաստը, որ Եռաբլուրում թաղված են տղերք, երեխաներ որոնք այդ անկախության համար իրենց կյանքն են զոհաբերել։ Մի՞թե դա նորմալ է` նշել Անկախության տոն, երբ մեր երկրի տարածքում են գտնվում թշնամու հազարավոր զորքեր, իսկ այդ նույն թշնամու ոստիկանությունը ճնշում է մեր հայրենակիցներին մեր պատմական հողի վրա։ Եվ արդյո՞ք արդար է նշել` իմանալով, որ այդ նույն թշնամին ընդամենը մի քանի օր անց նշելու է հազարավոր մեր հերոսների սպանությունը և մեր պատմական հողերի զավթումը։ Մի՞թե մենք ապրում ենք այնպիսի հարուստ և անհոգ երկրում, որ այդ հարյուրավոր միլիոններին` ծախսված այս միջոցառմանը, չէին կարող գտնել ավելի արժանի նպատակ։

Այս հարցերը իհարկե հռետորական են, և պատասխանները ակնհայտ են։

Մաղթում եմ այսօրվա համերգի մասնակիցներին և ներկաներին լավ ժամանց. համոզված եմ` նրանց համար ապագա կա...

Շնորհավո՛ր տոնդ, իմ սիրելի ու տանջված հայրենիք։

Ընդմիշտ քո ծառա և հպարտ զավակ`

Նարեկ Հախնազարյան»:

--00--ԱԹ