«Ապրելու երկիրը» Անկախության 30-ամյակին նվիրված ֆլեշմոբ է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

«Ապրելու երկիր» կուսակցությունը սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված ֆլեշմոբ էր կազմակերպել։

Կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը, Կուսակցության անդամներն ու համակիրները խորհրդանշական վայրում՝ Մայր Հայաստանի արձանի հարևանությամբ հսկայական փազլի տեսքով հավաքեցին Հայաստանի Հանրապետության քարտեզը։ 

Ապրելու Սյունիք, Ապրելու Տավուշ, Ապրելու Շիրակ, Ապրելու Արագածոտն, Ապրելու Արարատ, Ապրելու Արմավիր, Ապրելու Գեղարքունիք, Ապրելու Լոռի, Ապրելու Կոտայք, Ապրելու Վայոց Ձոր և Ապրելու Արցախ. Ապրելու երկրի քարտեզ-փազլում առանձին գույներով պատկերված էին Հայաստանի 11 մարզերն ու Արցախը։  

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը նշեց.
«Ապրելու երկիրը յուրաքանչյուրիս միջավայրն է։ Բոլորս հանձնառու ենք գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք բացահայտել այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնք լուծելու ճանապարհին մենք ունենք կամք, նվիրում և հնարավորություն։ Եվ ինչպես այսօր բոլորս միասնաբար ու համախմբված հավաքեցինք այս քարտեզը, նույն կերպ էլ յուրաքանչյուրս պարտավորություն ունենք կառուցելու Ապրելու երկիր»։

«Ապրելու երկիրը սկսվում է մեր տնից բակից, փողոցից, գյուղից ու քաղաքից, մենք պատասխանատու ենք կերտելու Ապրելու երկիր»,-նշեց Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ապրելու երկիր» կուսակցության Անկախության օրվան նվիրված պաշտոնական ուղերձում նշվում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի առիթով։ Մենք պատասխանատու ենք այն վեհ երազանքների առջև, որ ունեին մեր պապերը, ովքեր մեզ են փոխանցել իրենց կամքն ու նվիրումը հանուն մեր հայրենիքի։ Մենք պատասխանատու ենք մեր այն մեծ հաղթանակների առջև, որ կերտել էին մեր հայրերը, ովքեր իրենց ուժով ազատ Արցախ և անկախ պետականություն են կառուցել։ Մենք պատասխանատու ենք մեր եղբայրների վառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքով են ապահովել մի ողջ ժողովրդի անվտանգություն։ Մենք պատասխանատու ենք մեր երեխաների կայուն ապագայի առջև, ում պարտավոր ենք փոխանցել հզոր և բարեկեցիկ Հայաստան։ Թո՛ղ Անկախության օրը երբեք չփոխվի։

Մենք պատասխանատու ենք»։ 

--00—ԼՄ