«Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

15

«Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկեց ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել։

«Հարգելի՛ գործընկերներ, «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Դիլիջան խոշորացված համայնքից։ 

Կուսակցության հիմնադիրներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը, Դիլիջան խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, ավագանու անդամների թեկնածուներն ու կուսակցության համակիրները Դիլիջանի նշանավոր, հնգասյուն կոթողի մոտ ուղերձով և կոթողի լուսավորությամբ ազդարարեցին քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։ 

«Սիրելի՛ Դիլիջանցի… քո համայնքը, մեր Դիլիջանը կարող է դառնալ մի վայր, որն ամեն հյուրընկալվողի կգրավի իր բարեկարգ ու լուսավոր փողոցներով, ժամանցի հետաքրքիր ու մարդաշատ վայրերով»,- ուղերձում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախագահ Մանե Թանդիլյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության՝ Դիլիջանի համայնքապետի թեկնածու Արմինե Հովհաննիսյանը, անդրադառնալով միջոցառման խորհրդին, նշեց. 

«Քարոզարշավը լուսավորությամբ մեկնարկելը պատահական չէ. լույսը կյանքի, պայծառ ապագայի ու նոր հույսերի խորհրդանիշ է։ Եվ այսօր, հենց այստեղից ու այս կերպ մեկնարկելով քարոզարշավը, մենք հայտարարում ենք, որ հանձնառու ենք խնդիրների բացահայտման, դրանց լուծմանն ուղղված զարգացման արդյունավետ ծրագրերի ու ներդրումների շնորհիվ մեր համայնքը դարձնել ամենաապրելու համայնքը»։ 

«Դիլիջանը կարող է դառնալ համայնք, որը տեսնելու, որի հարուստ պատմության, մշակութային անգին ժառանգության մասին իմանալու, որի բոլոր փոքր ու մեծ գյուղերում շրջելու և Դիլիջանի համն ու հոտը զգալու համար զբոսաշրջիկները կգան աշխարհի ամեն անկյունից։ Մենք պատասխանատու ենք կերտել  Ապրելու Դիլիջան,  մենք պատասխանատու ենք կերտել ապրելու երկիր»- ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը 

«Դիլիջանը կարող է լինել համայնք, որը կլինի գիտական, կրթական ու ժամանցային միջոցառումների ամենացանկալի ու գրավիչ վայրերից մեկը։ Դիլիջանը կարող է դառնալ համայնք, որտեղ կգան ապրելու…որովհետև Դիլիջանը ապրելու համայնք է»,- իրենց ուղերձում նշեցին կուսակցության անդամներն ու Դիլիջան համայնքի ավագանու թեկնածուները։ 
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ «Ապրելու երկիր» կուսակցությունն այս ընտրություններում կմասնակցի Հայաստանի հինգ համայնքում՝ Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջանի խոշորացված համայնքում և Գյումրիում։ Ընդհանուր բոլոր համայնքների ավագանիների կազմում ընդգրկված են 100-ից ավել թեկնածու»։

նկար

--00—ԼՄ