Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 16, 24News

Thumbnail

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ, 30-ամյա Արա Ահարոնյանը Զովունի գյուղի գլխավոր փողոցում իր վարած Mercedes մակնիշի 81 TZ 008 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել «Ալֆա Ֆարմ» դեղատան տարածք:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել դեղատան աշխատակիցները և դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի նշված հատվածում տեղադրվեն արհեստական անհարթություններ, սակայն ոչ մի օգուտ: Ամեն ողբերգական դեպքից հետո խոստանում են, սակայն օրեր անց մոռանում են իրենց տղամարդու տված խոստումը ու հերթական դեպքն է լինում:

«Ճիշտն ասած, հիմա չենք էլ հավատում, միևնույն է, էլի գալու են սրբություններով երդվեն ու թողեն գնան»: