Հայաստանի և Լեհաստանի պետական արխիվները հուշագիր կստորագրեն․ լեհ հայագետն այցելել է ՀԱԽ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

հախ

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն այսօր՝  սեպտեմբերի 23-ին, ընդունել է Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի ներկայացուցիչ, լեհ պատմաբան, հայագետ Յակուբ Օշիեցկուն:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեհաստանում հայկական համայնքի նշանակությանը, հայերի նկատմամբ ցուցաբերվող պետական բարձր հոգածությանը, մասնավորապես՝ 2017 թ.-ին ընդունված՝ Լեհաստանի Սեյմի «Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանի հայերին շնորհված արտոնությունների 650-ամյա տարեդարձի մասին» հատուկ բանաձևին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, գիտության ու կրթության ոլորտներում փոխգործակցությանը: Այդ համատեքստում Յակուբ Օշիեցկին նշել է, որ Հայաստանի ազգային արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին։

Գրիգոր Արշակյանը, բարձր գնահատելով հայագիտության ոլորտում օտարազգի գիտնականների կատարած նշանակալի ներդրումը, պատրաստակամություն է հայտնել աջակցել Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական ​​կենտրոնին:

Նշվել է, որ փոխգործակցության շրջանակում  նախատեսվում է հուշագրի ստորագրում՝ Հայաստանի ազգային արխիվի, Լեհաստանի պետական արխիվի և Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտական կենտրոնի միջև:

Երկուստեք կարևորվել է հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համատեղ հետազոտությունների կատարումն ու միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փոխադարձ այցելությունների միջոցով փորձի փոխանակումը:

Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնը հիմնադրվել է 2019թ.-ին՝ Կրակով քաղաքի Յագելոնյան համալսարանում: Այն հիմնադրվել և ֆինանսավորվում է Լեհաստանի գիտության նախարարության կողմից ու հանդիսանում է Լեհաստանում մեծ հեղինակություն վայելող Արվեստների և գիտությունների ակադեմիայի կառուցվածքային ստորաբաժանում: Կենտրոնի ծրագրերի գլխավոր առանցքը լեհահայության պատմության ու արխիվային մատենագիտության ուսումնասիրությունն է, արխիվային և վերլուծական հետազոտությունների կատարումն ու արդյունքների տարածումը:

--00—ԼՄ

Տեսանյութեր