Դիմելու ենք ՍԴ՝ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու հրամանը կասեցնելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

արամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող՝ պատվաստվելու կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու հրամանին, հայտարարել է, որ արդեն իսկ ԱԺ պատգամավորների 1/5-ի ստորագրություններն կան՝ առողջապահության նախարարի՝ օգոստոսի 26-ի հրամանի առնչությամբ։

Նա նաև տեղեկացրել է, որ այդ մասով դիմելու են Սահմանադրական դատարան՝ խնդրելով, որ կասեցվի հրամանի գործողությունը։

Ըստ Վարդևանյանի՝ պատվաստումները կարևոր են, բայց պատվաստվելու որոշումը քաղաքացին անձամբ և գիտակցված պետք է կայացնի։

«Ամեն օր պետք է տեսնենք, թե ինչպես է կառավարությունը սոցիալական գովազդներով, այլ հարթակներում բացատրում, թե ինչի համար է պետք պատվաստվել։ Բայց երբ դրա փոխարեն նվազագույն աշխատավարձի նման ցածր պայմաններում մարդկանց ասում են՝ գնացե՛ք, ձեր գրպանից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտման ենթարկվեք կամ էլ գնացեք ու պատվաստվեք, ստացվում է հարկադրանք։

Պետությունն ինչո՞ւ չի ուզում այդ ծախսն իր վրա վերցնել։ ՊՇՌ հետազոտման ծախսերը թող պետությունը սուբսիդավորի։ Ի դեպ, սա ՍԴ դիմում ներկայացնելու հիմնավորումներից մեկն է», - ասել է Վարդևանյանը։

--00—ԼՄ