Այսօր որևէ հայ չի ապրում և չի կարող ապրել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային ուղղված տեսաուղերձում անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմին: Նա, մասնավորապես, նշել է.

«Այսօր իմ ելույթում ցանկանում եմ անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակին և ներկայացնել գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ մեր տեսակետներն ու առաջարկությունները:
Ինչպես գիտեք, 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի: Քառասունչորս օր տևած պատերազմը խլեց մի քանի հազար մարդկանց կյանք: Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր բնակիչներ տեղահանվեցին:

Ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների արտադատական մահապատիժներով, նրանց նկատմամբ իրականացված խոշտանգումներով և բազմաթիվ այլ փաստագրված հանցագործություններով։

Այս գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի այն հատվածներում, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական էթնիկ զտման։ Ցավոք, միջազգային հանրությունն այս դեպքում ևս չկարողացավ կանխարգելել զանգվածային ոճրագործությունները։ Այսօր որևէ հայ չի ապրում և գործնականում չի կարող ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ կանգնեցնել արյունահեղությունը։ Նոյեմբերի 9-ին ստորագրվեց հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում տեղակայվեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժեր, որոնք այսօր հանդիսանում են այնտեղ կայունության և անվտանգության ապահովման երաշխիքը»:

--00--ԱԹ