Սպասում ենք՝ տան բանալիները փոխանցեք, ինչպես խոստացել եք. «Ժողովուրդը»՝ Սասուն Խաչատրյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ՀՔԾ

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի՝ դատական հայց ներկայացնելու մասին տեղեկությանը:

«Այսօր տեղեկացանք, որ ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանը դատական հայց ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ և 2 մլն դրամ է պահանջում:

Որն է պատճառը: Սեպտեմբերի 11-ին ArmLur.am-ը հրապարակել էր հոդված՝ «Սասուն Խաչատրյանը Մոսկվայում բնակարան ունի. նա ստորագրեց իր մեղադրական եզրակացությունը» վերնագրով, որտեղ նշվում էր, որ Սասուն Խաչատրյանը Մոսկվայում փաստացի բնակարան ունի, որն իր անունով գրանցված չէ:

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը էլեկտրոնային եղանակով սեպտեմբերի 11-ին ստացել է ՀՔԾ պետի դիմումը՝ զգացմունքային մի բովանդակոթյամբ, հերքման պահանջ՝ իրավական ձևակերպումով:

Չսպասելով մեր պատասխանին, նա միանգամից սեպտեմբերի 24-ին հայց է ներկայացրել օրաթերթի դեմ:

Այսօր առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթը պատասխան է ուղարկել Խաչատրյանին՝ արձանագրելով, որ «դուք, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, (Հատուկ քննչական ծառայության նախկին պետ, այժմ՝ Հակակոռուպցիոն նոր ձևավորվող կոմիտեի նախագահ) ինքներդ պետք է հերքեք լուրը:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (ընդունված 2020 թվականի ապրիլի 16-ին) համաձայն՝ պաշտոնատար անձն է պարտավոր ապացուցել, որ խնդրո առարկա գույքը չի պատկանում իրեն, ուստի իրավունքի անալոգիա կիրառելով՝ խնդրում ենք հերքել, որ «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակած՝ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Մոսֆիլմովսկի 88 հասցեի շենքում Դուք չունեք տուն:
Մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ Դուք ունեք բնակարան այդ հասցեում, եւ նույնիսկ հայտնում են, թե ինչպես է այն Ձեզ փոխանցվել: Հետևաբար սպասում ենք, որ տան բանալիները փոխանցեք «ժողովուրդ» օրաթերթին, ինչպես եւ խոստացել եք, հրապարակավ»:

Հավելենք, որ Սասուն Խաչատրյանը առաջին անգամ չէ, որ «հարձակվում է» «Ժողովուրդ» օրաթերթի վրա: Նա պարբերաբար մեր հրապարակումների առիթով քննություն է նշանակում, աղբյուրի բացահայտում պահանջում, փորձում ճնշել ազատ խոսքը: Հենց Սասուն Խաչատրյանի ուղղակի հրահանգով գաղտնալսվել էր «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը, երբ հրապարակել էր Մարտի 1-ի գործով առանցքային գործիչների ցուցմունքները՝ գործի նախաքննության ավարտից հետո:

Մի խոսքով, Սասուն Խաչատրյանի արձագանքը սպասելի էր, բայց բոլոր դեպքերում «Ժողովուրդ» օրաթերթը սպասում է Սասուն Խաչատրյանի Մոսկվայի բնակարանի բանալիներին»:

--00--ԱԹ

Տեսանյութեր