Ադրբեջանում ԼՂ հարցի վերաբերյալ շփոթմունք կա․ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

ԱԽ

Արմեն Գրիգորյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն երկարաժամկետ լուծման կարիք ունի։ Սա ոչ միայն Հայաստանն է ասում, այլև միջազգային հանրությունը։

Երևանից Անկարային ուղղված բոլոր դրական ազդակները հրապարակային են եղել։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին, թե ՀՀ ղեկավարությունից դրական ազդակներ են ստացել։

«Դրական ազդակները հրապարակային են եղել, և վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության գրեթե բոլոր նիստերին վարչապետը հրապարակային խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, և դրական ազդակներ հենց դրանք նկատի ունի։ Հայ-թուրքական միակ օրակարգը հարաբերությունների կարգավորումն է, դեռ շփումներ սկսել, քննարկումներ ունենալ հարաբերություններ սկսելու վերաբերյալ»,- նշեց Գրիգորյանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակային որևէ հայտարարություն դեռևս չի արել այն մասին, որ պատրաստ է հրաժարվել իր՝ մշտապես առաջ քաշվող նախապայմաններից։

Գրիգորյանի խոսքով՝ թուրքական կողմի հետ խոսակցություններն ու քննարկումները թույլ կտան բացահայտելու, թե ինչ օրակարգ ու հարցեր կան, որոնք լուծման հնարավորություն ունեն կամ չունեն։

ԱԽ քարտուղարը վստահ է՝ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո տարածաշրջանում շատ բան է փոխվել, բայց միևնույնն է՝ ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ սկսվեն քննարկումները։

Ըստ Գրիգորյանի` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողներն իրենց թիմին քվե են տվել նաև խաղաղության դարաշրջանը բացելու համար։ Նրա խոսքով` հեշտ չի լինելու, բայց իրենք այդ ուղղությամբ աշխատելու են, թեպետ Ադրբեջանի նախագահն էլ պարբերաբար իր հայտարարություններով փորձելու է տորպեդահարել այդ գործընթացը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին հարցազրույցներից մեկում անհեռանկարային էր համարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումները։ Ավելի առաջ անցնելով՝ Ալիևը նաև հոխորտացել էր, թե «մի բարկացրեք մեզ, այլապես մենք էլ տարածքային պահանջներ կներկայացնենք Հայաստանին»։ Արձագանքելով ալիևյան հայտարարություններին՝ Արմեն Գրիգորյանը նշեց, թե Ադրբեջանում ԼՂ հարցի վերաբերյալ շփոթմունք կա։

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային հարց, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը եղել է ինքնորոշման հարց, այսինքն՝ ԼՂԻՄ-ում ապրող հայերը ցանկացել են ինքնորոշվել և իրենց ինքնորոշման իրավունքն իրացրել են։ Միանշանակ է, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ և պետք է երկարաժամկետ լուծում ստանա, սա ոչ միայն Հայաստանն է ասում, այլև միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները»,- ընդգծեց Գրիգորյանը։

Արդյոք հնարավո՞ր է, որ Ադրբեջանը գնա նոր ռազմական ագրեսիայի, եթե Հայաստանը շարունակի ԼՂ հարցը բարձրացնել։ Ըստ Գրիգորյանի` դժվար է գնահատել Ադրբեջանի քայլերը, բայց միանշանակ է, որ ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն լուծելու անհրաժեշտություն կա։

Արմեն Գրիգորյանը խոսեց նաև նոր սպառազինությունների մատակարարման գործընթացի մասին՝ նշելով, որ այն գաղտնի է, և շատ բան կարող է հանրությանը հայտնի չլինել։ Մեկնարկել են բանակային բարեփոխումները, հայեցակարգը հաստատված է, աշխատանքներ են տարվում։ Բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը ավտոմատացված կառավարման համակարգն է լինելու, որը նաև լուծելու է 44-օրյա պատերազմի ընթացքում եղած խնդիրները։ Բարեփոխվելու է նաև զորահավաքային ինստիտուտը։

ԱԽ քարտուղարի խոսքով` որոշ դեպքերում արդյունքները տեսանելի կլինեն, որոշ դեպքերում՝ ոչ։ Ամենակարևոր հարցերից մեկը նա համարում է պրոֆեսիոնալ բանակի անցումն ու ժամկետային զինծառայության կրճատումը։ Թե որքան կկրճատվի, դեռ վերջնական որոշում չկա, բայց կա հնարավորություն կրճատելու ժամկետային զինծառայությունը մինչև 20 տոկոս։ Բարեփոխումների ամբողջ ծավալը նախատեսվում է իրականացնել 2021-2026թթ.։

 --00—ՄՀ

Տեսանյութեր