Բաքուն Լավրովից ակնկալում է Արցախում ազատազրկման դատապարտված Ասկերովին տուն վերադարձնել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան հայտնել է, որ Բաքուն Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովից ակնկալում է Լեռնային Ղարաբաղում ցմահ ազատազրկման դատապարտված և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դիլհամ Ասկերովին տուն վերադարձնելու ուղղությամբ ջանքերի ավելացում:

Այդ մասին գրում է minval.az-ն՝ մեջ բերելով Աբդուլաևայի մեկնաբանությունը՝ Լավրովի՝ Ադրբեջանում կալանավորված ՌԴ հայազգի քաղաքացու վերաբերյալ հայտարարությունը։ 

Խոսնակն ընդգծել է, որ Ադրբեջանն ըմբռնումով է մոտենում Լավրովի՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալության հետ կապված հարցերի նկատմամբ հետաքրքրությանը:

«Միևնույն ժամանակ մենք առանձնահատուկ ուշադրություն և ջանքերի ավելացում ենք ակնկալում ՌԴ քաղաքացի հանդիսացող Դիլհամ Ասկերովին վերադարձնելու հարցում», - ասել է Աբդուլաևան:

Նախօրեին Լավրովը հույս էր հայտնել, որ Ադրբեջանում 2016թ. կալանավորված ՌԴ հայազգի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին Ռուսաստան վերադարձնելու հարցը հնարավոր կլինի լուծել երկխոսության միջոցով:

Նա հավաստիացրել էր, որ այդ թեման հնչել է ադրբեջանական կողմի հետ վերջին բանակցությունների ժամանակ:

«Հուսով եմ, որ մենք կկարողանանք երկխոսության և իրավական նորմերի վրա հիմնված լուծումների միջոցով գտնել բոլորին գոհացնող լուծում և վերադարձնել քաղաքացուն Ռուսաստան»,-ասել էր Լավրովը:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ի՝ ճեպազրույցի ժամանակ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան լիահույս է, որ Բաքուն կհրաժարվի էթնիկ պատկանելիության հիմքով ՌԴ քաղաքացիների, հատկապես ազգությամբ հայերի նկատմամբ խտրական քաղաքականությունից և չի խոչընդոտի նրանց մուտքն Ադրբեջան:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Մարիա Զախարովայի հայտարարությունը, այն «սադրիչ» ու «հակաադրբեջանական» էր որակել: