ԱԱԾ-ն թող ասի՝ ՊՆ-ն 2018-ին կրկնակի թանկ գնել է այն զինամթերքը, որը 2011-ին մերժել էինք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

«Այս իշխանության օրոք պաշտպանության յուրաքանչյուր նախարարի փոփոխության հետ մեկտեղ նաև Գլխավոր շտաբի պետերն են փոխվել, այսինքն ՝ քաղաքականացրել են ԳՇ պետերի պաշտոնը, որն անընդունելի է, որովհետև ցանկացած նոր իրադրության մեջ երկու նոր անձնավորության դեպքում խնդիրներ են առաջանում՝ տիրապետելու, օպերատիվ որոշումներ կայացնելու, տեղեկությունները համադրելու և համապատասխան գործողություններ պլանավորելու համար։  44-օրյա պատերազմի թերությունն այն է, որ ՀՀ իշխանությունը ժամանակի և տարածության մեջ չի կարողացել պատկերացնել, ո՞րն է ռազմական թատերաբեմը և ի՞նչ որոշումներ պետք  է ընդունի»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ նախկին իշխանության օրոք գնված հրթիռները, որոնք պետք է խոցեին հակառակորդի դիրքերը և տեխնիկան, չեն համապատասխանել տրամաբանությանը, ինչի համար ձեռք են բերվել, և ավիացան քառօրյա պատերազմի ժամանակ չի օգտագործվել, Օհանյանը նշեց, որ ավիացիոն հրթիռների հետ կապված հարուցվել է քրեական գործ. 

«Այդ գործով ես հարցաքննվել եմ, ձերբակալել են ավիացիայի վարչության պետին։ Քանի որ կա նախաքննության գաղտնիք և անմեղության կանխավարկած, ես երկու հարցին էլ կանդրադառնամ:

2011-ին Զինված ուժերին ավիացոն կազմակերպությունը մատակարարել է զինամթերք։ Դրա 30 տոկոսը, որը պիտանի է եղել, ԶՈւ -ն ընդունել է, ՊՆ վճարել է։ Մնացած 70 տոկոսը, քանի որ անսարք և անպիտան է եղել, մատակարար կազմակերպության խնդրանքով մենք ԶՈւ հրթիռահրետանային սպառազինության պահեստներում վերցրել ենք ի պահ՝ պայմանով, որ մատակարարը  թույլտվություն ձեռք կբերի՝  այլ երկրի վաճառելու համար: Ի պահ ենք վերցրել,  քանի որ դրանք պայթունավտանգ, հրդեհավտանգ են, մեծ չափսեր ունեն, և այլ վայրում պահպանելը ճիշտ չէ: 

2018 թվականին այս իշխանության օրոք այդ հրթիռները, զինամթերքը ընդունվել է ՊՆ բալանս և ՊՆ-ն գնել է՝ կրկնակի բարձր գներով։ Ե՛վ գումարային, և՛ քանակական տեղեկությունները վերաբերում են 2018 թվականին: ԱԱԾ-ն պետք է բարի և այնքան ազնիվ լինի և ասի, որ 2011 թվականի ՊՆ -ի կողմից չընդունված, անսարք, բայց ի պահ վերցված զինամթերքը ՊՆ-ն գնել է 2018-ին, հետևաբար  վնասը  և կոռուպցիոն ռիսկն այս իշխանությունների վրա են։ Հավատացե՛ք, եթե ես այդ գործում մեղավոր լինեի, հարյուր անգամ հրավիրել  և քրեական գործեր էին հարուցել»,-նշեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։