Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց․ Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ռուբեն Ռուբինյան

ԵԽԽՎ  աշնանային նստաշրջանի լիագումար նիստում երեկ 80 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունվել է «Հայ-ադրբեջանական հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը՝ ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա:

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում պարզաբանել է նշված բանաձևում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանը վերաբերող կետը։ Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ և Telegram-ալիքներ գրել էին, որ ադրբեջանական պատվիրակության առաջարկով՝ բանաձևի հեղինակները «Սուրբ Ղազանչեցոց» անվանումը փոխել են և դարձրել «Ղազանչի»:

«Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվում էր «Ղազանչի» անվանումը, որն, իբր, իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես, օրինակ, գրվում է Շուշի/Շուշա»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է բալանսը պահպանել։

«Փոխարենը կան շատ ավելի կարևոր փոփոխություններ, որոնք ձեռնտու են մեզ, օրինակ` նույն վերնագրի փոփոխությունը։ ԵԽԽՎ-ում հազվադեպ է լինում, երբ փոխվում է բանաձևի վերնագիրը»,- նշել է Ռուբինյանը։

Վերոհիշյալ բանաձևի վերնագրում ավելացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը, մինչդեռ, նախկին տարբերակում գրված է եղել «հայ-ադրբեջանական հակամարտություն»։  

--00--ԱՀ