Ի՞նչ սկզբունքով եք 301 հոդվածով իմ դեմ գործ հարուցում․ Կարո Փայլանը՝ Աբդուլհամիդ Գյուլին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

«Էվրենսել» պարբերականը, գրում է, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը գրավոր հարցում է հղել երկրի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլին՝ պահանջելով պատասխանել «թրքությունը վիրավորելու» մասին Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի վերաբերյալ որոշ հարցերի:

Հայազգի պատգամավորը, որն այդ նույն հոդվածի հետևանքով կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից, հետաքրքրվել է նախարարից, թե ինչ սկզբունքով է նա տրամադրում այդ հոդվածով գործ հարուցելու համապատասխան թույլտվությունը դատարանին, ինչպես նաև քանի նման գործ է հարուցվել Թուրքիայում 2008 թվականից մինչ այսօր, և քանի պատգամավոր է նման կերպ զրկվել անձեռնմխելիությունից:

Հիշեցնենք, որ 2008 թվականից ի վեր 301-րդ հոդվածի հիման վրա հետաքննություն սկսելու համար որպես պարտադիր պայման մտցվել է երկրի արդարադատության նախարարության թույլտվությունը: Նոր որոշումը մեծապես պայմանավորված էր պոլսահայ լրագրող և մտավորական Հրանտ Դինքի դեմ 301-րդ հոդվածով բացված դատական գործի ու դրանից բխող ազգայնական տրամադրությունների՝ հայ գործչի սպանության մեջ ունեցած կարևոր դերով: 

Օրերս թուրքական դատախազությունն արդեն Փայլանի վերաբերյալ գործով միջնորդություն է ներկայացրել խորհրդարան՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Հետաքննություն սկսելու համար դատախազությունն արդեն ունի Արդարադատության նախարարության համապատասխան թույլտվությունը:

Հետաքննությունը պայմանավորված է 2018-ի հուլիսին Փայլանի արած հայտարարությամբ այն մասին, որ Դիարբեքիրը, որտեղ ամեն անկյունում կարելի է ջրցան մեքենաներ և զրահատեխնիկա տեսնել, հիշեցնում է «Հիտլերի և Մուսոլինիի ժամանակները»: Միևնույն ժամանակ Դիարբեքիրի իշխանությունները Փայլանի խոսքերը դիտարկել են որպես վիրավորանք թուրքական իշխանությունների հասցեին:

Սա հայազգի պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու առաջին փորձը չէ: