Վիճաբանություն կառավարությունում՝ ավտոներկրողների և պաշտոնյայի միջև

Ավտոներկրողները մի մեքենան վճառում էին, մյուսը նվիրատվություն են արել եւ առաջացել է 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորություն, որի համար էլ եղել է բողոքի ակցիա կառավարության դիմաց: Այս մասին կառավարության շենքում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որտեղ եկել են այն եզրակացության, որ դա անհամեմատ բարձր բեռ է ավտոներկրողների համար և հնարավոր չէ մեքենայի վաճառքից այդպիսի հարկ վճարել:

«Ցուցարարները անընդհատ բերում են Վրաստանի օրինակը, որ ամեն մեքենայի համար ավտոներկրողները վճարում են 30 հազար դրամի կարգի հարկ: Մենք հիմա նախագծել ենք երկու տարբերակ, որպեսզի նրանք վճարեն այնքան գումար, որքան ուզում են, այսինքն՝ 30-40 հազար դրամ: Այսինքն՝ հարցը լուծվել է, երկու տարբերակն էլ ներկայացվել է վարչապետին, վերջնական որոշումը կկայացվի, և առաջիկայում կամ Հարկային օրենսգրքի հետ կգնա կամ կարող է ավելի շուտ մտնել ԱԺ»,-ասել է Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ հիմա այլեւս մարդը ստիպված չի լինելու գնալ իր հարևանների, ազգականների անունով մեքենա բերելու. և՛ մեքենաները բերելու է իր անունով, և՛ հարկերն է վճարելու:

Սակայն նախքան այս լուծմանը հասնելը մարդկանց ծանուցումներ է ուղարկվել, որ 20 տոկոս եկամտային հարկ պետք է վճարեն․ «Դրա համար այս լուծումը հետադարձ ուժ է ունենալու եւ 1,5 տոկոսը տարածվելու է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ներկրված մեքենաների վրա»: