«Հիմա արդեն Թուրքիայում չեմ զգում այն նույն հանգստությունը»․ Սիբիլ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Աշխարհ
Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր նոր երգի, կարիերայի և որպես հայ Թուրքիայում ստեղծագործական գործունեության դժվարությունների մասին:

- Սիբիլ, սեպտեմբերի 10-ին երաժշտասերների դատին հանձնեցիք «պատերազմներում որբացած երեխաներին» նվիրված «Ավրորայի աղոթքը» երգը։ Ինչպե՞ս ծնվեց երգի գաղափարը։

- «Ավրորայի աղոթքը» գրվել է 4 տարի առաջ երգի հեղինակ Հասմիկ Հախվերդյանի կողմից: Հասմիկը ստեղծագործելիս, մտածել է անցյալի և ընթացող պատերազմների և այդ պատերազմների արդյունքում  տեղի ունեցած խորը ցավերի մասին:

Հակիրճ ասած, երգի բովանդակությունը աշխարհում բոլոր պատերազմներում որբացած անմեղ երեխաների համար աղոթք է՝ ուղղված Մարիամ Աստվածածնին:

Երգի խոսքերը և երաժշտությունը ինձ վրա խորը հետք էին թողել: Այս աղոթքը ոչ թե իմ, այլ մեր բոլորի աղոթքը պետք է լիներ: Կարող եմ ասել, որ բավական շատ ջանք ենք գործադրել թե՛ երգի ձայնագրման ընթացքում, և թե՛ տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Երկար սպասումից ու աշխատանքից հետո սեպտեմբերի 10-ին մենք այն ներկայացրեցինք հանդիսատեսի դատին: Երգի անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն և թուրքերեն թարգմանություններն առկա են YouTube-ում՝ այն ավելի մատչելի և հասկանալի դարձնելու համար:

- Որպես հայ երգչուհի՝ հե՞շտ է ապրել և ստեղծագործել Թուրքիայում։

- Պարբերաբար հանդիպվող երևույթ չէ, որ իմ երգերը ցուցադրվում են հեռուստաալիքներով կամ հնչում են ռադիոյով:

10 տարի առաջ, երբ թողարկեցի իմ առաջին ալբոմը, մամուլի մեծ ուշադրությանն էի արժանացել:

Իմ «Նամակ» երգը, որը Թուրքիայում նկարահանված և թողարկված առաջին հոլովակն է, հեռարձակվել է բազմաթիվ ալիքներով, այդ թվում՝ պետական հեռուստատեսությամբ՝ TRT-ով: Սակայն չեմ կարող ասել, որ այժմ նույն հարմարավետությունն ու հեշտությունը զգում եմ: Բարեբախտաբար, համացանցի շնորհիվ ես հասնում եմ իմ լսարանին և ստանում շատ դրական արձագանքներ: 

- Թուրքիայում հայերեն երգեր թողարկելուց հետո ինչ-որ խնդիրների հանդիպե՞լ եք և եթե այո, ապա ինչպիսի՞։

- Ոչ մի խնդրի չեմ բախվել: Ընդհակառակը, շատ դրական մեկնաբանություններ և գովասանքի խոսքեր եմ ստացել: Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր հաշվի են առնում երաժշտության համամարդկային բնույթը և հիացմունքով ու գնահատանքով են վերաբերվում իմ աշխատանքին:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունե՞ք։ Հնարավո՞ր է համերգային ծրագրով հանդես գաք Հայաստանում։

- Նոր երգեր եմ ունենալու: Իմ «Ավրորայի աղոթքը» երգը դեռ շատ նոր է: Ինձ համար շատ կարևոր է, որ այն լսելի դարձնեմ… Ես նույնպես շատ եմ ցանկանում համերգային ծրագրով հանդես գալ  Հայաստանում: Եթե կարողանանք լուծել ֆինանսական խնդիրները, ապա ինձ սիրողների ու ինձանից համերգ ակնկալողների ցանկությունները  ի կատար կածվեն: