«Հերքում եմ, ակնհայտ սադրանք է»․ Սեյրան Օհանյանն արձագանքել է ԶԼՄ-ների հրապարակումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքյան էջում արձագանքել է մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների:

«Բացահայտ ապատեղեկատվություն և սադրանք եմ համարում armlur.am կայքում հրապարակված «Ի՞նչ են հետաքրքրվել քննիչները Սեյրան Օհանյանից», այնուհետև aravot.am կայքում հրապարակված «Սեյրան Օհանյանը բացատրել է 0038 հրամանի էությունը…» հոդվածները, ըստ որոնց՝ «Ժողովուրդ» օրաթերթն ունի տեղեկություններ հարցաքննությունից (Մարտի 1-ի գործի շրջանակներում առաջադրված մեղադրանքի), իբրև թե ես խոսել եմ 0038 հրամանի ինչ-որ տեխնիկական մասի ապահովումից:

Հերքում եմ և համարում ակնհայտ սադրանք:

Յուրաքանչյուր իրեն հարգող լրագրող պարտավոր է կից ներկայացնել փաստը, որով կապացուցի իր խոսքերի ճշմարիտ և օբյեկտիվ լինելը. նշված հոդվածը չի ներկայացնում ոչ փաստաթուղթ, ոչ ձայնագրություն:

Ավելին, հաշվի առնելով քննության նյութերի գաղտնիության հանգամանքը՝ ինձ մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ աղբյուրից է լրատվամիջոցը տիրապետում, իսկ տիրապետելու պարագայում՝ օրինականությունը, և ինչո՞ւ չի հրապարակում ապացույց հանդիսացող փաստաթուղթը:

Բովանդակությամբ ոչինչ չասող այս «ստեղծագործական շարադրությունը», կարծում եմ, նպատակ է հետապնդում հանրությանը շեղելու իմ ֆեյսբուքյան վերջին գրառումից, որին կցված ձայնագրությունը օբյեկտիվ ապացույց է իմ դեմ ուղղորդված հետապնդման, դրան հաջորդող հնարովի մեղադրանքի, իսկ այս թեմայով հրապարակումները տարբեր լրատվամիջոցներում կարելի է համարել ուղղորդվող տրամաբանական շարունակությունն այդ ամենի»: