Գարեգին Բ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Աժ նախագահ ընտրվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: 

«7-րդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությունն սկսում է մեր երկրի և ժողովրդի համար կարեւոր մի ժամանակաշրջանում, երբ նոր հնարավորություններ են բացվում օրենքի, արդարության և իրավունքի գերակայությամբ բարեզարդելու հայրենական մեր կյանքը և արձանագրելու նոր, հայրենաշեն ձեռքբերումներ: Բարձր ու պատասխանատու այս առաքելությանն է կոչված Ազգային ժողովը մեր ժողովրդի մեծ վստահությամբ»,-մասնավորապես ասված է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորական ուղերձում: