Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24 News

ԱՊՀ

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի կազմում ընդգրկված պետությունների՝ Բելառուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի զբոսաշրջության լիազոր մարմինների, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր ու Զբոսաշրջության խորհուրդների ներկայացուցիչները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Խաչատրյանը և ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովը։

Ողջունելով նիստի մասնակիցներին` Արթուր Խաչատրյանը կարևորել է համագործակցությունը ԱՊՀ Զբոսաշրջության խորհրդի շրջանակում։ Նա նշել է, որ Հայաստանն ակտիվ համագործակցում է ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ։

«ԱՊՀ երկրներին միավորում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, արժեքները և ավանդույթները։ Այդ ամենը նշանակալի գործոն է, ինչը կարող է նպաստել միասնական զբոսաշրջային արտադրանքի ստեղծմանը և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը մեր երկրներում։ Մեծանում է միասնական զբոսաշրջային տարածքի անհրաժեշտությունը եղած պատմամշակութային և տնտեսական կապերի հիման վրա։ ԱՊՀ պետական մարմինների կողմից միասնական համակարգված գործողությունների իրականացումը կարող է դրական ազդեցություն ունենալ ինտեգրացիոն գործընթացների ինտենսիֆիկացման վրա։ Մեր երկրների միջև զբոսաշրջության զարգացումը շատ արդիական է, քանի որ այն ամենաարդյունավետ միջոցն է մեր ժողովուրդների միջև միջմշակութային երկխոսության և բարեկամության ամրապնդման համար», - ասել է Արթուր Խաչատրյանը և շնորհակալություն հայտնել  գործադիր խորհրդին ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության ամրապնդման ուղղությամբ բոլոր ջանքերի համար, նաև հույս հանտնել, որ երկրների միջև ավելի ակտիվ համագործակցությունը զբոսաշրջության բնագավառում, ինչպես նաև այդ համագործակցության ուղղությունների հստակեցումը կնպաստեն զբոսաշրջության ընդհանուր խնդիրների լուծմանը և ոլորտի զարգացմանը։

ԱՊՀ գործադիր խորհրդի փոխնախագահ Բեկետժան Ժումախանովն իր ողջույնի խոսքում նշել է, որ հանդիպումը Երևանում առաջինն է երկարատև հեռավար շփումներից հետո և շեշտել, որ, չնայած կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտներին, ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության գործադիր խորհուրդը  կարևոր աշխատանք է կատարել նոր երկարաժամկետ փաստաթղթերի ձևավորման ուղղությամբ․ «ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների խորհրդի նախաձեռնությամբ 2020 թ. մայիսին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների  զբոսաշրջության ոլորտում 2021-2030 թթ․ համագործակցության զարգացման ռազմավարությունը: Ուրախալի է, որ Խորհուրդը հոբելյանական տարեդարձին՝ ԱՊՀ ձևավորման 30-ամյակին, մոտեցել է աշխատանքի այսպիսի տպավորիչ արդյունքներով», - նկատել է Բեկետժան Ժումախանովը:

Նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, այդ թվում նաև՝ գինեգործակցության զարգացման տեսակետից, զբոսաշրջության բնագավառում պետական քաղաքականությունն ու իրականացվող քայլերը։ Քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, մասնավորապես՝ ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի՝ զբոսաշրջության բնագավառում առկա մարտահրավերներին արձագանքման աշխատանքային խմբի գործունեությունը, ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման ռազմավարության 2021-2023թթ․ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը, ԱՊՀ զբոսաշրջության խորհրդի գործունեության ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում պետական և մասնավոր հատվածի գործընկերության զարգացմանը վերաբերող  հարցեր:

Երկրները կարևորել են հատկապես այս օրերին համատեղ ջանքերով զբոսաշրջության վերականգնման և վերաիմաստավորման, համատեղ զբոսաշրջային փաթեթներ ձևավորելու անհրաժեշտությունը։

Նիստի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցության շրջանակն ընդլայնելու, ԱՊՀ պետությունների կողմից առաջարկվող նախաձեռնություններում ընդգրկվելու վերաբերյալ։ Կարևորվել է ներքին զբոսաշրջության դերակատարությունը, ներկայացվել են ագրո և էկո զբոսաշրջության զարգացման ուղղությամբ մի շարք երկրների կողմից իրականացվող քայլերը։ Նիստի ավարտին ստորագրվել է ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի արձանագրությունը։

Նիստը Հայաստանում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է 2019 թ․- ին`  ԱՊՀ մասնակից պետությունների զբոսաշրջության խորհրդի նիստի շրջանակներում։ 2020 թ․-ին  կայացած Խորհրդի հերթական նիստի ընթացքում Խորհրդի ղեկավարումը փոխանցվել է Հայաստանին։

--00—ՄՀ