Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով մեկնարկեց կինոյի տոնը՝ «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

ոսկե ծիրան

Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմի ցուցադրությամբ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց Երևանի ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մի շարք դժվարություններից հետո Հայաստանում նորից փառատոն կազմակերպելն ու համաշխարհային հյուրերի հրավիրելը լուրջ իրադարձություն է: «Աշխարհի լավագույն ֆիլմերն ենք բերել Հայաստան: Կարծես թե մի ժամանակ վախ կար, որ Հայաստանում ամեն ինչ կործանվում  է, որ մեր երկրում ամեն ինչ դժվար է, որ այստեղ շատ են խնդիրները, բայց ամեն մեկն իր հերթին պետք այնպես անի, որ մարդիկ պատմեն աշխարհին, որ Հայաստանն ուժեղ է, հզոր է, ապրում է, ունի զինվոր, ունի բանվոր, աշխատավոր և կինո, որը հետաքրքրում է աշխարհի լավագույն ռեժիսորներին, կինեմատոգրաֆիստներին: Լավագույններն են եկել այստեղ, որ շնորհակալություն հայտնեն հրավերի համար»,- շեշտեց Հարություն Խաչատրյանը:

Նա «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնեց ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեդերին, որը, ըստ Խաչատրյանի, ոչ միայն փայլուն ռեժիսոր է, այլև հրաշալի սցենարիստ, հումորով մարդ, որի հետ կինոյից դուրս էլ կարելի է ընկերություն անել:

 --00—ՄՀ