Հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը նոր ազդակ կհաղորդվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլիի հետ:

Եգիպտոսի վարչապետը ողջունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և նշել, որ կարևորում է Եգիպտոսի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ մեկնարկած բանակցություններն ու բարձր գնահատում Հայաստանի փոխվարչապետի ստանձնած դերակատարությունն այս գործընթացում: 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ որպես ԵԱՏՄ անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության համար կարևոր է Եգիպտոսի հետ զարգացնել կայուն, բարեկամական և փոխշահավետ հարաբերություններ, այդ թվում նաև՝ առևտրատնտեսական ոլորտում:

Ներկայացնելով ԵԱՏՄ անդամ պետությունների և Եգիպտոսի միջև առևտրաշրջանառության ծավալը՝ փոխվարչապետը հույս է հայտնել, որ հաստատված համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա բանակցությունների հաջող ընթացքի և ապագայում՝ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար: Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացումը նոր ազդակ կհաղորդի հայ-եգիպտական երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններին և դրանց հետագա զարգացման հնարավորություններին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ չնայած Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 27 տարի առաջ, երկու երկրներն ունեն պատմական խորը բարեկամական կապեր, ինչի վկայությունն է նաև Եգիպտոսում հայկական հզոր համայնքի առկայությունը:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի, տուրիզմի և այլ ոլորտներում առկա կապերը, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հինգ տասնյակից ավել փաստաթղթերը հիմք են ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: