Նոբելյան մրցանակակիրը հայտնի հայ գրողի որդի է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Նոբելյան մրցանակակիր

Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը ստացած ամերիկաբնակ գիտնական Արտեմ Փաթափությանը սփյուռքահայ հայտնի գրող, թարգմանիչ, խմբագիր Սարգիս Վահագնի որդին է: Այս մասին հայտնում է Aliqmedia.am-ը:

Սարգիս Վահագնը (Սարգիս Փաթափության) ծնվել է Լիբանանում 1927 թվականին: Նա բազմաթիվ վեպերի, թատերգությունների և այլ գրական գործերի հեղինակ է, ունի մոտ երկու տասնյակ հրատարակված գիրք, եղել է «Շիրակ» ամսագրի խմբագրակազմի անդամ, 1987 թվականից բնակվում է Լոս Անջելեսում:

Իր «Արշիլ Կորքի» վեպի համար Սարգիս Վահագնը արժանացել է Թեքեյան մշակութային միության գրական և «Հայկաշեն Ուզունյան» մրցանակների։ 2008 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից ստացել է «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», սփյուռքի նախարարության կողմից՝ «Վիլյամ Սարոյան» շքանշանները:

Ինչպես տեղեկացրել ենք, բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակակիրների անուններն այսօր հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն: 54-ամյա մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը մրցանակը ստացել է Դեյվիդ Ջուլիուսի հետ:

--00--ԱԹ