Գոնե Աղաջանովներին տեղեկացրեք վարչապետի որոշման մասին․ Ռ. Մելիքյանը՝ Ենոքյանի ներման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ, ցավոք, հանրությանը պաշտոնական տեղեկատվություն մինչ օրս չի ներկայացվել․ այս մասին ֆեյբուքյան էջում գրառում է արել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ես հստակ համոզմունք ունեմ այդ «լռության» իրավաչափության վերաբերյալ, բայց հիմա խոսքն այլ հարցի մասին է։

Հիմա խոսքը ժամկետների մասին է։ Ըստ մամուլում եղած հրապարակումների վերլուծության՝ Արդարադատության նախարարության ներման հանձնաժողովն իր դրական եզրակացությունը պետք է որ տված լիներ և գործը Վարչապետին փոխանցած լիներ դեռ 2018թ. դեկտեմբերին։

Միևնույն ժամանակ, Ներման մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո` ոչ ուշ, քան 15-ՕՐՅԱ ժամկետում, Նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։

Ընդ որում, իրավական ակտերի մասին հին և նորմատիվ իրավական ակտերի մասին նոր օրենքների վերլուծության արդյունքում, որքան հասկանում եմ, ակնհայտ է, որ այդ 15-օրյա ժամկետը վերաբերում է ՕՐԱՑՈւՑԱՅԻՆ, այլ ոչ թե աշխատանքային օրերին։

Հետևություն՝ Վարչապետը պետք է որ արդեն որոշումը կայացրած լինի։

Ես կապվեցի Աղաջանովների ընտանիքի հետ և պարզեցի, որ որոշման մասին նրանց մասնավոր կարգով ևս չեն ծանուցել։

ՀԻՄԱ ԽՆԴՐԱՆՔՍ։ Լավ, եթե չեք ցանկանում հանրությանն իրազեկել (կրկնեմ, դրա իրավաչափությունն այս գրառմամբ չեմ քննարկում), գոնե Աղաջանովներին տեղեկացրեք Վարչապետի որոշման մասին։ Հիշեցնեմ նաև, որ երկուշաբթի Կառավարության շենքի առջև հավաքի ընթացքում Աղաջանովներն իրենց մոտեցած Կառավարության աշխատակազմի ներկայացուցչին խնդրեցին կազմակերպել հանդիպում Վարչապետի հետ»,- ասված է նրա գրառման մեջ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս