«Հերթական հորինվածքը հիմարություն էր»․ Միքայել Մինասյանը՝ իր և ԼՀԿ-ի կապի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Aysor.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ: Ներկայացնենք հարզազրույցից որոշ ուշագրավ հատվածներ։

«- Պարո՛ն Մինասյան, երեկ Ազգային ժողովում, խոսելով ՀՀ արտաքին քաղաքականության մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց արտերկրում Հայաստանի մի շարք դեսպանների, ինչպես նաև ընդգծեց, որ տարիներ ի վեր դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ մարդիկ։ Սակայն Ձեր մասին խոսելիս, նա ասաց, որ Դուք մեր լավագույն դեսպաններից եք։ Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ։

- Թույլ տվեք չհամաձայնել ԱԺ նիստերի դահլիճում հնչած հայտնի ելույթի որոշ փաստերի հետ: Անկեղծորեն ցավում եմ, որ երկրի բարձրագույն ամբիոնից հնչեցին մտքեր ու տրվեցին որակումներ, որոնք անբարենպաստ ազդեցություն կարող են ունենալ մեր արտաքին քաղաքական ընթացքի վրա։ Քչերը կարող են տեսնել ու ընկալել խնդիրների այն բազմությունը, որն ամեն օր առանց ավելորդ փիառի լուծում են մեր դիվանագետները: Սա ծանր ու առաջնագծի աշխատանք է, որ հարգանք է պահանջում և վերաբերմունքի զգուշավորություն: Մենք ունենք փայլուն դեսպաններ, դիվանագետների մի լուրջ բանակ, որոնք տասնամյակներ շարունակ, առնվազն մինչ այս պահը, պատվով են կատարել քաղաքական ղեկավարությունների կողմից դրվող խնդիրները:

Լավ արտաքին քաղաքականություն ունենալու համար նախ պետք է սկսել դիվանագետի ինստիտուտը հարգելուց։ Այնպես որ, եթե արտաքին քաղաքական բլոկի նոր ուղին այդ ինստիտուտի վարկաբեկումից ենք որոշել սկսել, վախենամ` այս ոլորտում շատ հեռու չգնանք։

- Ձեր անունը պարբերաբար շրջանառվում է այս կամ այն գործչի, կամ ուժի հետ կապ ունենալու կոնտեքստում։  Վերջին օրերին հատկապես ակտիվացան խոսակցությունները Ձեր և «Լուսավոր Հայաստան» կուսակցության կապի մասին։ Ըստ Ձեզ, ո՞րն է դրա պատճառը։

- Անկեղծ ասած խիստ զարմանալի է, որ այս բարդ իրավիճակում, երբ մեր առջև ծառացած բազում խնդիրներ կան ու կենացների փոխարեն շտապ լուծումներ են պետք, ժամանակ են կորցնում նման խոսակցություններին տեղի տալու՝ խնդիրների քանակը նվազեցնելու ուղղությամբ ուժերը մեկտեղելու փոխարեն։

Վաղուց սովորել եմ  կարդալ, զարմանալ, բայցև սպասել՝ հուսով, որ մարդիկ մի օր կհասկանան, որ իրենց հրամցված հերթական հորինվածքը հիմարություն էր` վստահ լինելով, որ հենց այդ պահին նորից կհորինվի մի նոր հեքիաթ՝ լի անհեթեթություններով: Ափսոսում եմ, որ այսպիսին է իրականությունը, բայց վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կհստականա»:

Տեսանյութեր

Live

Լրահոս