Թուրքիայի մեջլիսում խտրականություն է դրսևորվում քրդերեն լեզվի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

մեջլիս

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ խորհրդարանում, այս տարի ներդրվել է էլեկտրոնային համաժամանակյա թարգմանության համակարգ։ Ինչպես հայտնում է Ermenihaber-ը, համակարգում թարգմանվող լեզուների շարքում ներառվել են ֆրանսերենը, ռուսերենը, անգլերենն ու արաբերենը, իսկ քրդերենին տեղ չի հատկացվել։

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Դանըշ Բեշթաշը խորհրդարանում քննադատել է այդօրինակ գործելաոճը՝ համարելով դա խտրականության դրսևորում։

«Քիչ առաջ ստուգեցինք․ այժմ մենք ունենք 4 լեզվով համաժամանակյա թարգմանության համակարգ՝ անգլերեն, արաբերեն, ռուսերեն և ֆրանսերեն։ Բայց չկա քրդերեն թարգմանություն։ Արդյո՞ք այս խորհրդարանում արաբ, ռուս, ֆրանսիացի կամ անգլիացի կա։  Խտրականությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար նշեմ այն փաստը, որ այս խորհրդարանում քուրդ պատգամավորներ կան և քրդերեն թարգմանություն պիտի լինի»,-դժգոհել է ընդդիմադիր պատգամավորը։

--00--ԱԹ