Կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում չի կազմավորվի․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետում ամբողջությամբ չի կազմավորվի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, թե առաջիկայում կնշանակվի Կառավարության անդամների 2/3-ը միայն: Ու քանի որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքը նախատեսում է Կառավարության անդամների առնվազն 2/3-ի նշանակման դեպքում այն համարել կազմավորված, իրավական առումով հարցը համարվելու է լուծված:

Եթե հաշվի առնենք փաստը, որ Կառավարության անդամ են համարվում ոչ միայն նախարարները, այլև վարչապետն ու երեք փոխվարչապետները՝ ընդհանուր 21 հոգի, նշանակում է՝ պետք է նշանակված լինի առնվազն 14 հոգի: Ենթադրվում է՝ չեն նշանակվի առաջին փոխվարչապետ (այս պաշտոնը նախատեսված է հանել) և 6 նախարարներ: Ստեղծված իրավիճակի պատճառը Կառավարության կառուցվածքում նախատեսված փոփոխություններն են: Թեև նախարարությունների թվի կրճատման գաղափարի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դեռ օգոստոսի 17-ին իր պաշտոնավարման 100 օրվա ելույթում, սակայն օրենսդրական նախագիծը մինչև հիմա պատրաստ չէ: Դատելով իրավիճակից` դեռ երկար ժամանակ այդ նախագիծը հազիվ թե պատրաստ լինի:

Ի վերջո, օպտիմալացումները բավական ցավոտ են անդրադառնալու հասարակության մի շերտի վրա` ստիպելով շատերին համալրել գործազուրկների բանակը: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախարարություններից մի քանիսի միացման վերաբերյալ տարընթերցումներ և անհամաձայնություններ են եղել և անգամ հենց իշխող ուժի ներսում։ Խոսքը հատկապես Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Գյուղատնտեսության նախարարության միացման գաղափարի մասին է, որը աննպատակահարմար են համարում ոլորտի մասնագետները։ Սփյուռքի նախարարության հարցը ևս վերջնականապես որոշված չէ: Եվ, առհասարակ, լուծարումը դժգոհություններ է առաջացրել, և չի բացառվում, որ այդ որոշումը հետաձգվի»:

Տեսանյութեր

Live

Լրահոս