Ադրբեջանը տեղի տվեց միջազգային ճնշումներին. Մինսկի խումբը վերսկսում է իր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Քաղաքական

Ռազմավարության և քաղաքականության Newlines Institute ամերիկյան ուղեղային կենտրոնի գիտաշխատող, ինստիտուտի վերլուծական զարգացման բաժնի խորհրդատու Եվգենի Չաուսովսկին դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացի աստիճանական վերականգնումը և համանախագահության ձևաչափով հայ-ադրբեջանական երկխոսության վերսկսումը Արցախի հարցի շուրջ, սակայն մեծ փոփոխություններ չի ակնկալում Մինսկի պրոցեսից:

Չաուսովսկին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից և նոյեմբերի 9-ի զինադադարի հաստատումից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի ունեցած առաջին հանդիպումը ցույց է տալիս հայկական և ադրբեջանական կողմերի պատրաստակամությունը վերսկսելու բանակցությունները: Սակայն ամերիկացի վերլուծաբանը համոզված չէ, որ Մինսկի խումբը լինելու է այն «առաջնային խողովակը», որի միջոցով տեղի կունենա իրական առաջընթացը ղարաբաղյան դիվանագիտության մեջ:

«Դժվար է ասել, թե ինչ չափով Մինսկի խումբը արդյունավետ կլինի, բայց մենք ամեն դեպքում տեսանք որոշ դրական ազդակներ դիվանագիտական ճակատում: Ես համոզված չեմ, որ Մինսկի խումբը լինելու է այն առաջնային խողովակը, որի միջոցով տեղի կունենա իրական առաջընթացը: Այն, որ կողմերը բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնում, պետք է դրական գնահատել, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում խոշոր դիվանագիտական ճեղքման սահմանափակումները հենց այստեղ են: Ուստի ես մեծ փոփոխություններ չեմ ակնկալում: Սակայն այն փաստը, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում վերսկսելու երկխոսությունը, դրական ազդանշան է», - մեկնաբանեց ամերիկացի վերլուծաբանը:

Նշված համատեքստում Newlines Institute-ի փորձագետը անդրադարձավ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահողների՝ մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ արևմտյան գործընկերների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջև ակնհայտ դարձած տարաձայնություններին՝ կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ լուծման և, հատկապես, Արցախի կարգավիճակի հետ:

Խնդիրն այն է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, որն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված զինադադարի հայտարարությամբ, պաշտոնական Մոսկվան շեշտը դնում էր 2020 թ. նոյեմբերի 9-ին և 2021 թ. հունվարի 11-ին Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ստորագրված հայտնի եռակողմ հայտարարությունների կետերի կատարման վրա, իսկ արևմտյան համանախագահները և, հատկապես, Վաշինգտոնը կոչ էին անում վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ շեշտը դնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցի վրա:

Սեպտեմբերի սկզբին, սակայն պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի, սկսեց փոխել իր հռետորաբանությունը՝ աջակցություն հայտնելով առկա մանդատի հիման վրա ղարաբաղյան կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ակտիվացմանը: Այս հայտարարությունից շատ չանցած՝ Նյու Յորքում տեղի ունեցավ համանախագահների կազմակերպած հանդիպումը:

Եվգենի Չաուսովսկու կարծիքով՝ Ռուսաստանն, իհարկե, կցանկանա իր վերահսկողության տակ պահել գործընթացը Մինսկի խմբին զուգահեռ՝ այլընտրանքային ձևաչափերի միջոցով, սակայն վերջին մի քանի ամսվա ընթացքում հաճախ կրկնվող հրադադարի խախտումները և անվտանգության իրավիճակի ապակայունացումը ստիպել են Մոսկվային լրջորեն մտածելու Մինսկի խմբի համանախագահության գործընթացը վերագործարկելու մասին:

«Ռուսաստանը չի ուզում ամբողջությամբ փակել Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ քննարկումների խողովակները՝ հաշվի առնելով հատկապես անկայունությունը տարածաշրջանում: Դա այն գործոններից մեկն է, որը ստիպում է Ռուսաստանին աջակցել Մինսկի խմբի գործընթացի վերսկսմանը»,- նշեց ամերիկյան Newlines Institute-ի փորձագետ Եվգենի Չաուսովսկին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում թեմայի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց նաև ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ադրբեջանը մեկ տարվա համառությունից հետո, ի վերջո, զիջման գնաց՝ համաձայնելով հանդիպել հայկական կողմի հետ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով:

«Ադրբեջանը բանակցելու պատրաստակամություն է ցույց տալիս, բայց բանակցելու պատրաստակամությունը չի նշանակում, որ նա անպայման բանակցելու է ուղիղ իմաստով: Այլ խոսքով՝ Ադրբեջանը փորձելու է ցույց տալ, որ ինքը պատրաստ է բանակցել, խոսելու է դրա մասին այս հարթակում, այն հարթակում, բայց ոչնչի շուրջ, ըստ էության, չի բանակցելու: Տվյալ պարագայում սա է Բաքվի քաղաքականությունը», - ասաց Ալեքսանդր Սկակովը:

--00--ԿԿ