Արայիկ Հարությունյանն այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կ ալիֆոռնյան համալսարան /UCLA/, որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ, տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի շարք պայմանավորվածություններ:

Նախարարի պաշտոնակատարը հանդիպել է նաև համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթր Քաուի հետ, որի ընթացքում քննարկվել են առաջիկա համատեղ անելիքները: Արայիկ Հարությունյանը հրավեր է ստացել մասնակցելու շաբաթ օրը կայանալիք հայկական սփյուռքի թեմայով խորհրդաժողովին, որտեղ նա հանդես կգա ելույթով:

Նախարարի պաշտոնակատարն այցելել է նաև Հարավային Կալիֆոռնիայի համալսարան /USC/, որտեղ շրջել է համակարգչային գիտության լաբորատորիայում, այնուհետ ծանոթացել հայագիտության կենտրոնի աշխատանքներին: Արայիկ Հարությունյանը զրույց է ունեցել կենտրոնի ղեկավար Սալբի Ղազարյանի հետ, որի ընթացքում կոնկրետ պայմանավորվածություն է ձեռքբերվել հայկական սփյուռքի հնարավորությունները, կադրերը, ինչպես նաև կենտրոնի հզորություններն ու ներուժը կրթության և գիտության զարգացման ուղղությամբ օգտագործելու վերաբերյալ: